ԵՎՐՈ-2020. Մեր խմբակիցները. Իտալիան «ոչնչացրեց» Լիխտենշտեյնին, հույները փրկվեցին ?
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ:
J խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, կայացել են մյուս երկու հանդիպումները: Խմբի բացահայտ ֆավորիտ Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ընտրանուն. դուբլ է ձևակերպել Կվալյարելան, մեկական անգամ աչքի են ընկել Սենսին, Վերատին, Կինը և Պավոլետին:
Խմբի մյուս խաղում Բոսնիայի հավաքականը հյուրընկալել էր Հունաստանի ընտրանուն. հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Վիսչայի և Պյանիչի գոլերի շնորհիվ տանտերերը առջևում էին հաշվի մեջ: Այնուհետև Ֆորտունիսը 11 մետրանոցից դիպուկ հարվածով կրճատել է հաշվի տարբերությունը: Հաջորդ իսկ րոպեին Պյանիչը կարմիր քարտ է ստացել: Հույներն օգտագործել են թվային առավելությունը՝ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ խփելով 2-րդ պատասխան գոլը:
Այս տուրից հետո Իտալիան 6 միավորով գլխավորում է խումբը, Հունաստանն ու Բոսնիա և Հերցեգովինան ունեն 4-ական միավոր, Ֆինլանդիան 3 միավոր ունի, իսկ Հայաստանն ու Լիխտենշտեյնը դեռ միավոր չեն վաստակել:
D խմբում Շվեյցարիան 3:2 հաշվով հաղթել է Դանիային, իսկ Իռլանդիան նվազագույն հաշվով առավելության է հասել Վրաստանի նկատմամբ:
F խմբում Իսպանիան 2 անպատասխան գնդակ է ուղարկել Մալթայի դարպասը. դուբլ է ձևակերպել Մորատան:
Մյուս խաղերում Շվեդիան և Նորվեգիան գոլառատ ոչ-ոքի են խաղացել՝ 3:3, իսկ Ռումինիան 4:1 հաշվով առավելության է հասել Ֆարերյան կղզիների ազգային թիմի նկատմամբ:
# ԵՎՐՈ-2020