Ո՞վ է եվրոպական ֆուտբոլի գլխավոր ինսայդերը․ ծանոթացեք՝ Ֆաբրիցիո Ռոմանո
Ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային մակարդակի ԶԼՄ-ները նույնպես կարող են տարածել կեղծ տեղեկատվություն և մեր օրերում սուտը ճշտից տարբերելը երբեմն այդքան էլ հեշտ չէ, սակայն կան նաև վստահելի աղբյուրներ։ Եվրոպական ֆուտբոլային աշխարհում կա մի մարդ, ում տարածած տեղեկատվությունը գրեթե 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը։ Ծանոթացեք՝ Ֆաբրիցիո Ռոմանո։ Here we go!!!
Ֆաբրիցիո Ռոմանոն 27 տարեկան է և ինչպես հասկացաք, նա իտալացի է և մասնագիտությամբ լրագրող։
Ռոմանոն իր մասնագիտական գործունեությունը սկսել է դեռևս 18 տարեկանում, երբ աշխատում էր իտալական ինչ-որ փոքրիկ կայքում։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է ճանաչում ձեռք բերել։ Ռոմանոյի հետ կապվել են «Բարսելոնայի» մարզադպրոցի՝ «Լա Մասիայի» գործակալներից մեկը՝ պատմելով նրան մի շարք տաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստների մասին։
Գործակալին անհրաժեշտ է եղել ԶԼՄ-ների օգնությունը, այդ պատճառով էլ դիմել է Ֆաբրիցիո Ռոմանոյին։ Հենց այդ պահից սկսած սկսվել է Ռոմանոյի ինսայդերական կարիերան։
46-ամյա լրագրողը SPORTbible-ին տված հարցազրույցի ժամանակ նա հիշել է այդ ամենը․
«Այդ գործակալը կապվեց ինձ հետ և խնդրեց փոքր հոդված գրեմ երկու տաղանդավոր ֆուտբոլիստների՝ Ժերար Դեուլոֆեուի և Մաուրո Իկարդիի մասին։
Ես սկսեցի լուրջ համագործակցել նրա հետ, ինչն ինձ շատ օգնեց սկզբում, այդ պատճառով էլ Մաուրո Իկարդիի «Սամպդորիա» և «Ինտեր» տեղափոխությունների ժամանակ ես նույնիսկ ամենագաղտնի տեղեկություններին էի տիրապետում։ Իկարդիի մասին ինսայդներն ինձ համար ամենաառաջինն էին տրանսֆերային շուկայում։
Գործակալն ինչ-որ կերպ զանգահարեց ինձ և ասաց, որ «Ինտերը» գրեթե ավարտին է հասցրել Իկարդիի տեղափոխությունը։ Նա ինձ այդ ժամանակ ասաց․ «Կարող ես գրել, որ գործարքը գրեթե կայացած է։ Խաղացողը կտեղափոխվի ոչ թե հունվարին, այլ հաջորդ ամռանը։ Ինձ հենց ամենասկզբից էլ դուր եկավ լրագրության այդ ուղղվածությունը։
Կարծում եմ՝ տրանսֆերային աշխարհը նման է ինչ-որ ջունգլիի, որտեղ ցանկացած պահ կարող է ամեն ինչ գլխիվայր շուռ գալ։ Ինձ դուր է գալիս զարգացումների այդ ընթացքը։ Ըստ իս՝ դա նման է Չեմպիոնների լիգային, իսկ վստահելի տեղեկությունը՝ եզրափակիչում խփված գոլի»,- նշել է Ռոմանոն։
Այդ պահից արդեն անցել է 10 տարի, իսկ Ֆաբրիցիո Ռոմանոն դարձել է եվրոպական ֆուտբոլի գլխավոր ինսայդերը։
Ունենալով լուրջ աղբյուրներ ողջ Եվրոպայում՝ Ռոմանոն կարծես թե ամեն ինչից տեղյակ է։ Նա տեղեկատվությունը փնտրում է այնքան ճիշտ, որ կարող է նույնիսկ ձեր երեխայի սեռը պարզել նախքան ուլտրաձայնային հետազոտությունը (УЗИ):
Ֆաբրիցիո Ռոմանոն այս ամենին հասնելու համար զրկել է իրեն շատ բաներից։ Օրինակ, սովորաբար նա քնում է ընդամենը 5 ժամ, հաճախ գիշերում է հյուրանոցներում, ինչպես նաև սնվում է տարբեր ռեստորաններում։ Նա պառկում է քնելու գիշերը 5-ին և արթնանում է առավոտյան ժամը 10-ին, իսկ մնացած ժամանակահատվածում զբաղված է լինում բանակցություններով և տեղեկություններ հավաքելով։
Վաղ առավոտից սկսած Ռոմանոն վերցնում է հեռախոսը՝ գրելով և զանգելով ֆուտբոլիստներին ու նրանց գործակալներին, ակումբների ներկայացուցիչներին, նա օրվա ընթացքում նաև տարբեր հանդիպումներ է ունենում վերոնշյալ ոլորտի մարդկանց հետ, ինչպես նաև տարբեր հանդիպումներ է ունենում վերոնշյալ ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ֆաբրիցիո Ռոմանոն հաջողության մասին խոսելիս նշում է հետևյալը․
«Հաջողությունը սկսում է գալ, երբ կարողանում է գտնել դրա ճիշտ ուղին և բանալին։ Եթե դուք ֆուտբոլային աշխարհից լավ կապեր ունեք, ապա միանշանակ ճիշտ ուղու վրա եք։ Դուք հարգում եք նրանց, այդ պատճառով էլ փոախադարձ վերաբերմունք եք ստանում։
Իմ շրջապատում նույնպես կան այնպիսի մարդիկ, որոնց ես 100 տոկոսով վստահում եմ, այդ պատճառով էլ նրանց հետ շփումս պահպանում եմ արդեն տարիներ շարունակ։ Նրանք գիտեն, որ ես երբեք խնդիրներ չեմ ստեղծի»։
Հայտնի է, որ 27-ամյա լրագրողը ամեն օր միջինը կատարում է գրեթե 50+ հեռախոսազանգ։ Ռոմանոն շատ է նշել, որ տեղեկատվության հավաստիությունն ավելի կարևոր է, քան որ նա տվյալ տեղեկատվության մասին տարածի և հայտնի առաջինը․
«Այո՛, մեկ այլ լրագրող որևէ տեղեկատվություն կարող է տարածել ինձնից շուտ, սակայն եթե ես սզկբից մինչև վերջ չեմ ստուգում դրա հավաստիությունը, չեմ հրապարակում այն»։
Իհարկե, եղել են նաև դեպքեր, երբ Ռոմանոն որևէ գրառում է կատարել սոցցանցերի իր օգտահաշիվներում, սակայն կարճ ժամանակ անց ֆուտբոլիստը կամ նրա գործակալը հերքել են այդ տեղեկատվությունը։ Այդպիսի դեպքերը, սակայն, Ռոմանոյի մոտ այնքան քիչ են։
«Եթե դուք կեղծ տեղեկատվություն եք ստանում, որոնք հաստատում են մի շարք անհայտ և ոչ անկախ ինսայդներ, իսկ գործող անձնինք դրանք հերքում են, ապա դա լուրջ հարված է ինքն իրեն հարգող ցանկացած ինսայդերի հեղինակությանը։ Այդ պահերին դու պարզապես դադարում ես գոյություն ունենալ։ Թագավորից անհաջողակ ճանապարհն այնքան կարճ է, այդ պատճառով էլ պետք է անկեղծ և ազնիվ լինել մարդկանց հետ»,- նշում է Ռոմանոն։
Ֆաբրիցիո Ռոմանոյի համար կարևոր են երկու հատկանիշ․ ազնվությունն ու անկեղծությունը։ Լրագրության հանդեպ նրա մոտեցումը շատ պարզ է․ պետք է լինել ճիշտ, այլ ոչ թե առաջինը հայտնել տեղեկատվությունը։
«Անհնար է միշտ լինել առաջինը՝ լուսաբանելով բոլոր թոփ-5 առաջնությունները։ Իմ նպատակն է մարդանց, ֆուտբոլային հանրությանը փոխանցել հավաստի տեղեկատվություն, որպեսզի հետագայում մարդիկ խոսեն հետևյալը․ «Երբ ես որևէ գրառում եմ տեսնում Ֆաբրիցիո Ռոմանոյից, ապա միանշանակ գիտեմ, որ դա ճիշտ է»։
Եթե դուք լուսաբանեք միայն մի քանի ակումբների մասին լուրերը, այդ ժամանակ, հավանական է, որ դուք կտրամադրեք բացառապես հստակ ճշտված նորություններ, քանի որ կիմանաք այդ ակումբների ներքին խոհանոցը, ընդամենը մի քանի գործակալների, ֆուտբոլիստների և միայն այդ ակումբների անձնակազմին, սակայն համաշարհային մակարդակով դա լրիվ այլ է»։
Ֆաբրիցիո Ռոմանոն ևս մեկ հաղթաթուղթ ունի՝ «Here we go» արտահայտությունը, ինչը անգլերենից թարգմանաբար նշանակում է «գնացինք»։ Ռոմանոն այդ արտահայտությունը հիմնականում կիրառում է, երբ որևէ գործարք վստահաբար արդեն կայացել է։
«Անկեղծ ասած՝ արդեն չեմ էլ հիշում, թե երբվանից եմ սկսել կիրառել այդ արտահայտությունը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա դա սկսվել է «Մանչեսթեր Յունթայթեդի» հետ կապված ինչ-որ տրանսֆերից հետո։
Բավականին շատ տեղեկատվություն կար տրանսֆերներից մեկի հետ կապված, սակայն դա նորմալ է, երբ որևէ մեծ ակումբ խոշոր ձեռքբերում է ունենում։ Գրեթե ամեն օր այդ տրանսֆերի մասին ես գրառում է կատարում, իսկ երբ տեղափոխությունը հաստատվեց, Twitter-ում գրեցի՝ «Ok, here we go»:
Մարդիկ բավականին արագ արձագանքեցին դրան։ Երբ հաջորդ օրը գրառումներ էի կատարում կայացած հավանական տեղափոխությունների մասին, բոլորը մեկնաբանություններում գրում էին «Here we go»:
Ես երբեք նպատակ չեմ ունեցել ունենալ իմ սեփական բրենդը կամ էլ դրա նման ինչ-որ բան, քանի որ դա այնքան էլ իմ ոճով չէ, սակայն ֆուտբոլային երկրպագուների կողմից այդ արտահայտությունը հավանության արժանացավ, այդ պատճառով էլ այն ներկա պահին իմ հաղթաթղերից մեկն է»,- եզրափակել է Ռոմանոն։
Ակնհայտ է, որ Ֆաբրիցիո Ռոմանոն բավականին կոմունիկատիվ և պրոգրեսիվ մարդ է։ Նա հաճախ ժամանակ է գտնում, որպեսզի պատասխանի երկրպագուների տարբեր մեկնաբանությունների։ Նա այդկերպ փորձում է ավելի մանրամասն ներկայացնել որևէ տրանսֆերի մասին։
«Դա իմ սիերլի զբաղմունքներից մեկն է։ Գրեթե անհնար է պատասխանել բոլոր մեկնաբանություններին, սակայն ես փորձում եմ անել դա։ Ես մեկնաբանություններին պատասխանում եմ ամեն օր, քանի որ ինձ համար կարևոր է կապ պահպանել երկրպագուների հետ։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել ֆուտբոլային երկրպագու․ ես էլ նրանցից մեկն եմ։
Ինձ երբեք աստղ չեմ համարել։ Ես սովորական և հասարակ տղա եմ, ով տրանսֆերային նորություններ է փոխանցում մարդկանց։ Դա ինձ անհավանական դուր է գալիս»։
Ֆաբրիցիո Ռոմանոն մշապես խոսում է տրանսֆերային աշխարհի անսպասելության մասին՝ նշելով, թե որոնք են եղել իր լրարգրողական կարիերայի ամենաանսպասելի տեղափոխությունները։ Մինչ այս պահը Ռոմանոյի համար ամենաանսպասելի տեղափոխություններն են եղել Կրիշտիանու Ռոնալդուի դեպի «Յուվենտուս» և Էվեր Բանեգայի «Ինտերից» «Սևիլիա» տրանսֆերները։
Ֆուտբոլիսնտերը հաճախ են իրենց որոշումները փոխում վերջին պահին, երբ որևէ տեղափոխություն մոտ է լինում կայանալուն։ Այդպես է եղել, օրինակ, երբ Ադրիեն Ռաբիոն 2019 թվականի ամռանը պետք է համալրեր «Բարսելոնայի» շարքերը, սակայն, ի վերջո, հայտնվեց Թուրինում՝ «Յուվենտուսի» կազմում։ Թարմ օրինակ է նաև Դավիդ Սիլվայի «Ռեալ Սոսիեդադ» տրանսֆերը։ Իսպանացի կիսապաշտպանն արդեն պայմանագիր էր համաձայնեցրել «Լացիոյի» հետ, սակայն անչափ անսպասելի վերադարձավ հայրենիք։
«Ազատ գործակալներն ամենավտանգավոր ֆուտբոլիստներն են, քանի որ նրանք կարող են իրենց կայացրած որոշումը վերջին պահին փոխել, սակայն հենց դա է տրանսֆերային աշխարհի գեղեցկությունը։ Սա ոչ FIFA և ոչ էլ Football Manager խաղերը չեն, որտեղ հնարավոր է երկու րոպեում ավարտին հասցնել ցանկացած տեղափոխություն»,- նշել է Ռոմանոն։
Կորոնավիրուսի համաճարակը խառնել է նաև 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակացույցը։ Գրեթե բոլոր թոփ առաջնություններում այն փակվելու է հոկտեմբերի 5-ին, այդ պատճառով էլ դեռևս շատ հետաքրքիր տրանսֆերներ առջևվում են․
«Երբ ես սկսեցի լուսաբանել Անգլիան, վերջնաժամկետներն ինձ համար ինչ-որ խելագար երևույթ էին թվում։ Իտալիայում թոփ ակումբները փորձում են հիմնական տրանսֆերները նախքան պատուհանի փակվելն ավարտին հասցնեն, որպեսզի չթողնեն վերջին պահին, սակայն անգլիացիները տրանսֆերային պատուհանի վերջին օրվա թագավորներն են։ Հայտնի է, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանների վերջին օրերին անհավանական թվով տեղափոխություններ են տեղի ունենում, իսկ Իտալիայում լրիվ այլ մենթալիտետ է այդ հարցի շուրջ»։
Հեղինակավոր B/R Football հարթակը 2019 թվականի սեպտեմբերին մեկնել էր Միլան և Ֆաբրիցիո Ռոմանոյի մասին կարճամետրաժ ֆիլմ նկարահանել, որտեղ մանրամասն կտեսնեք, թե ինչպես է անցնում եվրոպական ֆուտբոլի գլխավոր ինսայդերի առօրյան։
Ֆաբրիցիո Ռոմանոն իր հիմնական ակտիվությունը ցուցաբերում է Twitter-ում և Instagram-ում, որտեղ նա համապատասխանաբար ունի 1․9 մլն և 1․5 մլն հետևորդ։
Ինչպես տեսնում եք, այնքան էլ հեշտ չէ վստահելի ինսայդեր լինել, սակայն Ֆաբրիցիո Ռոմանոն չի խնայում որևէ ջանք, որպեսզի մենք ունենանք հավաստի տեղեկատվություն։ Interfootball.am-ում էլ հաճախ կնկատեք, որ մենք փորձում ենք օգտվել հենց Ռոմանոյի տարածած տեղեկատվությունից՝ զերծ մնալով կեղծ տեղեկատվությունից։
Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով
Հ․Գ․ Ֆաբրիցիո Ռոմանոյից կատարված բոլոր մեջբերումները վերցվել են SPORTbible․com կայքից
# վերլուծություն, Ֆաբրիցո Ռոմանո