Զլատան․ «Եթե Միլանում լինեի մրցաշրջանի մեկնարկից, ապա չեմպիոն կդառնայինք»
Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան-Սիրո» գեղեցիկ կերպով 4։2 հաշվով կամային հաղթանակ տարավ առաջնության առաջատար «Յուվենտուսի» նկատմամբ։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել միլանյան ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը․
«Գաղտնիք չէ, որ ես արդեն ծեր եմ, սակայն տարիքը զուտ թիվ է։ Ինձ հիանալի եմ զգում և փորձում եմ անել ամեն ինչ՝ ակումբին ամբողջությամբ օգնելու համար։
Ես ակումբի նախագահն եմ, ֆուտբոլիստը և մարզիչը։ Միակ թերությունն այն է, որ ինձ վճարում են միայն որպես ֆուտբոլիստ։ Եթե ես «Միլանում» լինեի մրցաշրջանի սկզբից, մենք կդառնայինք չեմպիոն։
Հաջո՞րդ մրցաշրջանը։ Տեսնենք․ դեռ մեկ ամիս ունեմ, որպեսզի վայելեմ այս ամենը։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս «Միլանում», սակայն ես արդեն 38 տարեկան եմ և իմ մարզավիճակն այլևս այն չէ, սակայն փորձում եմ խելացի մոտենալ դրան և չեմ անում այն ամենը, ինչ անում էի 20 տարեկանում։
Եթե չեմ կարողանում ազդել հանդիպման արդյունքի վրա, դա ինձ դուր չի գալիս, քանի որ ես այստեղ չեմ թիմի խորհրդանիշը լինելու համար։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմակիցներիս, ակումբին և երկրպագուներին»,- Զլատանի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Յուվենտուս