Ինչպե՞ս մեկ օրում դառնալ հերոս  և վաստակել բոլորի գովասանքը․ Ռոստովի պատանի դարպասապահի սխրանքները?

Ինչպե՞ս մեկ օրում դառնալ հերոս և վաստակել բոլորի գովասանքը․ Ռոստովի պատանի դարպասապահի սխրանքները?

20/06/2020 - 13:29

Երեկ՝ հունիսի 19-ին, ավելի քան երեք ամսվա դադարից հետո վերսկսվեց ռուսական Պրեմիեր լիգան։ 23-րդ տուրի շրջանակում կայացավ «Սոչի» – «Ռոստով» հանդիպումը։

Այս խաղից առաջ «Ռոստովի» 6 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել և ակումբի ողջ հիմնական կազմը գտնվում է 14-օրյա կարանտինում։ «Սոչիի» ֆուտբոլիստները չցանկացան, որպեսզի խաղը հետաձգվի՝ պահանջելով, որ այն կայանա նշված ժամկետում։ «Ռոստովի» մարզչական շտաբը ստիպված եղավ խաղին հայտավորել պատանի ֆուտբոլիստների, որոնք 16-19 տարեկան էին։

Ճիշտ է՝ «Սոչին» 10։1 հաշվով հաղթեց մրցակցին, միևնույնն է, խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Ռոստովի» 17-ամյա դարպասապահ Դենիս Պոպովը։ Չնայած դարպասապահը բաց թողեց 10 գնդակ, սակայն հանդիպման ընթացքում հետ մղեց Անտոն Զաբոլոտնու իրացրած 11 մետրանոց հարվածը և դարձավ 15 սեյվի հեղինակ, որը մեկ հանդիպման ընթացքում ՌՊԼ-ի ռեկորդ է։

Խաղից հետո Դենիս Պոպովը արժանիորեն ստացավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Պոպովը ոչ միայն ստացավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչումը, այլև երկրպագուների և ռուս հանրահայտ ֆուտբոլիստների աջակցությունը։ Ակումբային պատկանելիությունը մղվել է երկրորդ պլան, քանի որ ֆուտբոլիստի սոցցանցերի էջերում աջակցող մեկնաբանություններ են գրում ռուսական գրեթե բոլոր ակումբների երկրպագուները։

Խաղից հետո երիտասարդ դարպասապահի instagram-ի էջն ուներ ընդամենը 4 հազար հետևորդ, խաղից մեկ ժամ անց՝ 8 հազար, իսկ այժմ արդեն՝ 15 հազար հետևորդ։ Ֆուտբոլիստի վերջին լուսանկարի մեկնաբանությունները աճում են երկրաչափական պրոգրեսիայով։

View this post on Instagram

?

A post shared by Denis Popov (@_den_46_) on

Այդ գրառումը հավանել է «Զենիթի» նախկին դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևը, իսկ Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովը մեկնաբանությունների բաժնում գրել է․ «Կեցցե՜ս»։

Մեկնաբանությամբ է աչքի ընկել նաև «Ուֆայի» դարպասապահ Ալեքսանդր Բելանովը․

«Գործընկեր, մի հիասթափվի՛ր: Դու հիանալի հանդես եկար։ Ամեն ինչ դեռ առջևում է, սակայն անհրաժեշտ է տքնաջան աշխատել։ Հաջողություն եմ մաղթում»,- գրել է դարպասապահը։

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինը instagram-ի իր օգտահաշվում հրապարակել է Պոպովի լուսանկարը՝ գրելով․

«Հիշում եմ՝ Պրեմիեր լիգայում դեբյուտիցս առաջ վատ էի քնել գիշերը, մտահոգվում էի։ Մեծ ֆուտբոլում քայլ առաջ կատարելը մշտապես դժվար է։ «Ռոստովի» այս երիտասարդ ֆուտբոլիստների համար, միանշանա, նույնպես դժվար է, հատկապես եթե հաշվի առնենք, որ այս տղաներին տնից էին բերել, ապա հասկանալի էր, որ նրանք նույնիսկ ոչ-ոքի չեն կարող խաղալ։

Երբ «Ռոստովը» 52-րդ վայրկյանին դարձավ գոլի հեղինակ, իսկ դարպասապահը որսաց 11 մետրանոց հարվածը, դա հիանալի էր։ Դենիս, կեցցե՜ս, կային պահեր, երբ դու փրկեցիր քո թիմին։ Սխալներ կային և կլինեն, սակայն ամենակարևորն այն է, որ դրանք ճիշտ հաղթահարես և շարժվես առաջ։

Գովասանքի խոսքեր է շռայլել նաև ռուս հանրահայտ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը․

«Դենիս Պոպով։ «Ռոստով»։ 17 տարեկան, այ ապրե՜ս դու։ Բուֆֆոնիշյե»,- գրել է Սոլովյովը Instagram-ի իր օգտահաշվում։

Երբ «Ռոստովի» ֆուտբոլիստները վերադարձել են հարազատ քաղաք, նրանց դիմավորել են ակումբի երկրպագուները, որոնք հավաքվել էին «Օլիմպ-2» մարզադաշտի հարևանությամբ՝ վանկարկելով․

«Առա՜ջ, «Ռոստով», մենք քեզ հետ ենք»։

Դենիս Պոպովը Instagram-ի stories բաժնում տեսանյութ է հրապակել, թե ինչպես են «Ռոստովի» ֆուտբոլիստները ավտոբուսից հետևում երկրպագուների շոուներին՝ շնորհակալություն հայտնվելով նրանց։

«Ռոստովի» հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 27-ին։ Այդ օրը «Ռոստովը» սեփական հարկի տակ մրցելու է Տուլայի «Արսենալի» դեմ, և ամենայն հավանականությամբ, պատանի ֆուտբոլիստները ևս մեկ հնարավորություն կստանան։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023