Մ-21 տարեկան ամենաբարձր վարձատրվող  ֆուտբոլիստները

Մ-21 տարեկան ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

19/05/2020 - 15:37

Ներկայիս իրականության աշխարհում կենսամակարդակի բարձրացրումը ազդել է նաև ֆուտբոլի վրա։ Կենսամակարդակի բարձրացման շնորհիվ ֆուտբոլը բավականին երիտասրդացել է։ Ֆուտբոլով զբաղվելու պայմանները վերջին 10-12 տարում էականորեն բարելավվել են, բազմաթիվ ծնողներ էլ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երեխաները դառնան հաջողակ ֆուտբոլիստներ՝ առաջինը հենց իրենք ստեղծելով դրա համար անհրաժեշտ պայմաններ, իսկ եվրոպական ակումբները աշխատում են միլիոնավոր եվրոներ, ինչն էլ նրանց թույլ է տալիս խոշոր աշխատավարձ վճարել նաև երիտասարդներին։ Այսօր կներեկայացնենք ժամանակակից եվրոպական ֆուտբոլի Մ-21 տարեկան (սկսած 2000 թվականին ծնվածներից) ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։

Ալֆոնսո Դևիս

Ակումբ – «Բավարիա»

Տարիք – 19

Աշխատավարձ – շաբաթական 33 հազար ֆունտ

Դիրք – ձախ պաշտպան/վինգեր

Ալֆոնսո Դևիսը վերջերս է սկսել լուրջ մակարդակով հանդես գալ։ Աֆրիկյան արմատներ ունեցող կանադացի ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2019 թվականի հունավրին։ Այն ժամանակ մյունխենյան ակումբը 10 մլն եվրո վճարեց «Վանկուվերին»։ Նա սկզբանական շրջանում հանդես էր գալիս «կարմիրների» երիտասարական կազմում, իսկ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվեց հիմնական կազմ։ Նոմինալ վինգերը ակումբի պաշտպանությունում առկա խնդիրների պատճառով վերաորակավորվեց որպես ձախ պաշտպան և իրեն այնքան լավ դրսևորեց այդ դիրքում, որ ակումբի հիմնական ձախ պաշտպան Դավիդ Ալաբան սկսեց հանդես գալ պաշտպանության կենտրոնում և անհարմարություններ զգալու պատճառով, մտածում է լքել Մյունխենը։ Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը դարձել է ոչ միայն Բունդեսլիգայի, այլև ողջ եվրոպական ֆուտբոլի բացահայտումներից մեկը։ Ընթացիկ մրցաշրջանում կանադացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Վիլիամ Սալիբա

Ակումբ – «Սենտ-Էտիեն» -> «Արսենալ»

Տարիք – 19

Աշխատավարձ – շաբաթական 40 հազար ֆունտ

Դիրք – կենտրոնական պաշտպան

Ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստը երկրաչափական պորգերսիայով է առաջընթաց գրանցում` արագ քայլերով ընդգրկվելով եվրոպական ֆուտբոլի թոհուբոհում։ «Արսենալը» նախորդ ամռանը երիտասարդ պաշտպանի համար վճարեց ոչ ավել, ոչ պակաս 30 մլն եվրո, սակայն որոշեց նրան ևս մեկ տարի թողնել «Սենտ-Էդիենում», որտեղ նա հանդես է գալիս վարձավճարով, սակայն, կարելի է ասել, որ որ լոնդոնյան ակումբի մարզչական շտաբն ու ղեկավարությունն այդ հարցում սխալվեցին, քանի որ «զինագործների» պաշտպանությունն ընթացիկ մրցաշրջանում մեղմ ասած չի տպավորում, իսկ Սալիբան նույնիսկ համեստ «Սենտ-Էտիենի» կազմում բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում։ Սալիբան իր հասակի շնորհիվ (193 սմ) հիանալի է հանդես գալիս օդային մենապայքարներում։ Դիրքային պայքարում ևս գործում է ճշգրիտ։ Սալիբան միանշանակ ունի բոլոր որակները, որպեսզի հետագայում դառնա աշխարհում լավագույններից մեկը։

Ռայան Սեսենյոն

Ակումբ – «Տոտենհեմ»

Տարիք – 20

Աշխատավարձ – շաբաթական 55 հազար ֆունտ

Դիրք – ձախ պաշտպան/վինգեր

Կար մի ժամանակ, երբ Ռայան Սեսենյոնը համարվում էր անգլիական ֆուտբոլի հույսերից մեկը։ Սեսենյոնը «Ֆուլհեմի» կազմում 17/18 մրցաշրջանում Չեմպիոնշիփի շրջանակում մասնակցեց 46 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Բազմաթիվ ակումբներ այդ մրցաշրջանից հետո ցանկանում էին ձեռք բերել Սեսենյոնին, սակայն երիտասարդ ֆուտբոլիստը որոշեց մնալ «Ֆուլհեմի» կազմում՝ օգնելով իր թիմին արդեն ԱՊԼ-ի շրջանակում։ «Ֆուլհեմի» ողջ կազմը սպսավածից շատ վատ հանդես եկավ՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը և վերադարձավ Չեմպիոնշիփ։ Սեսենյոնը վատ տպավորություն չթողեց այդ մրցաշրջանում՝ 35 խաղում դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, սակայն ևս մեկ մրցաշրջան չցանկացավ հանդես գալ Չեմպիոնշիփում։ Ընթացիկ մրցաշրջանից առաջ «Տոտենհեմը» 27 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց գերտաղանդավոր ֆուտբոլիստին։ Եթե «Ֆուլհեմի» կազմում Սեսենյոնը հանդես էր գալիս ձախ վինգերի դիրքում, ապա «Տոտենհեմի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ոչ միայն քիչ քանակությամբ խաղերի, այլև հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում։ Ակնհայտ է, որ Սեսենյոնը անհավանական պոտենցիալ ունի, սակայն դեռևս պատրաստ չէ լուրջ մակարդակով հանդես գալ։ Հաշվի առնենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը բազմաթիվ վնասավծքներ ստացավ, բայց դեռ ամեն ինչ առջևում է։ Դեռ հսկայական ժամանակ կա սխալներն ուղղելու համար։

Վինիսիուս

Ակումբ – «Ռեալ»

Տարիք – 19

Աշխատավարձ – շաբաթական 59 հազար ֆունտ

Դիրք – ձախ վինգեր

Վինիսիուս Ժունիորը միանշանակ եվրոպական ֆուտբոլի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից է։ «Ռեալը» վերջին տարիներին ահագին երիտասրադացնում է իր կազմը՝ ձեռք բերելով գերտաղանդավոր երիտասարդների։ Այդ երիտասարդներից մեկն էլ Վինիսիուսն էր, երբ 2017 թվականին «Ռեալը» դեռևս 17-ամյա ֆուտբոլիստի համար 46 մլն եվրո վճարեց «Ֆլամենգոյին»։ Վինիսիուսն այդ կերպ Նեյմարից հետո դարձավ Մ-19 տարեկան ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Վինին «Ռեալի» շարքերը համալրեց 18/19 մրցաշրջանից առաջ, իսկ մինչ այդ շարունակում էր հանդես գալ «Ֆլամենգոյի» կազմում։ Երիտասարդ վինգերն անհավանական արագություն և տեխնիկա ունի, սակայն ակնհայտ է, որ դեռևս անչափ աճելու տեղ ունի, քանի որ բազմաթիվ անգամ ենք ականատես եղել, երբ Վինիսիուսնը «ջահելություն» է անում խաղադշատում՝ տարվելով անհատական խաղով։ Մի փոքր թիմային գործողություններ և գոլային պահերի հստակ իրագործում, և Վինիսիուսը կդառնա եվրոպական ֆուտբոլի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը։

Ռոդրիգո

Ակումբ – «Ռեալ»

Տարիք – 19

Աշխատավարձ – շաբաթական 71 հազար ֆունտ

Դիրք – աջ վինգեր

Ռոդրիգոյի ճակատագիրն ու ճանապարահը բավականին նման է Վինիսիուսի ճակատագրին, քանի որ 18 տարեկան հասակում Ռոդրիգոն «Սանթոսի» կազմում արդեն հասցրել էր հանդես գալ 80 անգամ՝ դառնալով 17 գոլի հեղինակ։ Նախորդ ամռանը «Ռեալը» խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու համար 45 մլն վճարեց «Սանթոսին»։ Ի տարբերություն Վինիսիուսի՝ Ռոդրիգոն ավելի հավասարակշռված և կայացած ֆուտբոլիստ է, սակայն դեռևս զգացնել է տալիս փորձի պակասը։ Խաղացողը բավականին արագ է, տեխնիկապես էլ լավն է և ունի գոլային հոտառություն։ Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ 7 գոլերից 3-ը երիտասարդ ֆուտբոլիստը խփել է Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ խաղում՝ դառնալով ՉԼ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է իդեալակն հետ-թրիկի հեղինակ (խաղացողը մեկ խաղում գոլի հեղինակ է դարձել աջ և ձախ ոտքերով, ինչպես նաև գլխով)։ Մի փոքր էլ աշխատասիրություն և երիտասարդ ֆուտբոլիսն արագորեն կհայտնվի «արքայական» ակումբի հիմնական կազմում։

Կալում Հադսոն-Օդոյի

Ակումբ – «Չելսի»

Տարիք – 19

Աշխատավարձ – շաբաթական 120 հազար ֆունտ

Դիրք – ձախ/աջ վինգեր

Ինչպես Ռայան Սեսենյոնը, այնպես էլ Կալում Հադսոն-Օդոյին համարվում են անգլիական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։ Հադսոն-Օդոյին 2018 թվականի ձմռանը մոտ էր «Չելսիից» հեռանալուն։ Նրա պայմանագիրը լրանում էր, իսկ «Բավարիան» պատրաստ էր խոշոր գումարի դիմաց ձեռք բերել նրան, և «ազնվականները» ստիպված եղան նրան առաջարկել խոշոր աշխատավարձ, որպեսզի կարողանան տաղանդավոր ֆուտբոլիստին պահել իրենց շարքերում։ Նախորդ մրցաշրջանում երիտասարդ վինգերը հիմնականում փոխարինման էր դուրս գալիս՝ բավականին հաջող գործելով հատկապես Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում, սակայն նախորդ տարվա ապրիլի 18-ին Հադսոն-Օդոյին կտրեց կոճի ջիլը և ապաքինվում էր ավելի քան 5 ամիս։ Նա խաղադաշտ վերադարձավ միայն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում։ Հադսոն-Օդոյին վերոնշյալ շատ ֆուտբոլիստներին զիջում է որոշ ասպեկտներում, սակայն պակաս տաղանդավոր ֆուտբոլիստ չէ: Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ վինգերը «Չելսիի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Եթե հետագայում խաղացողին չխանգարեն վերոնշյալ ծանր վնասվածքները, ապա միանշանակ խաղացողին մեծ ապագա է սպասվում։ Ցանկալի է, որ խաղացողը նաև հետևի իր վարքագծին, քանի որ երեկ՝ մայիսի 18-ին, հայտնի դարձավ, որ խաղացողը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով։

Էրլինգ Հալանդ

Ակումբ – «Բորուսիա Դորտմունդ»

Տարիք – 19

Աշխատավարձ – շաբաթական 133 հազար ֆունտ

Դիրք – կենտրոնական հարձակվող

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Էրլինգ Հալանդի մասին լսել էին միայն ավստրաիական Բունդեսլիգային հետևողները կամ էլ նրանք, ովքեր լսել են Ալֆ-Ինգ Հալանդի մասին, ում կարիերան վերջ դրեց Ռոյ Քինը։ Ալֆ-Ինգ Հալանդը հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում և Էրլինգի հայրն է։ Հալանդն ընթացիկ մրցաշրջանից առաջ բարձրագույն մակարդակով ամենաշատ գոլերը հեղինակել էր 2017/18 մրցաշրջանում, երբ «Մոլդեի» կազմում Նորվեգիայի առաջնության շրջանակում մանսակցեց 25 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Առաջին հայացքից միջակ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում գերանհավանական պրոգրես է գրանցել։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա հանդես էր գալիս «Զալցբուրգի» կազմում և տարբեր մրցաշարերի շրջանակում մասնկացեց 22 հանդիպման և դարձավ 28 գոլի հեղինակ։ Հատկապես տպավորիչ էին նրա ելույթները Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Խմբային փուլի 6 խաղում նա դարձավ 8 գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ նա գոլի հեղինակ էր դառնում հինգ անընդմեջ խաղերում։ Հալանդը դարձավ նաև ՉԼ խմբային փուլի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով նորամուտի խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Ձմռանը նրա համար իսկական որս սկսվեց, սակայն շահեց «Բորուսիա Դորտմունդը», որն ընդամենը 40 մլն եվրոյի դիմաց ձեքռ բերեց խաղացողին։ Բուն տրանսֆերն արժեցավ 20 մլն եվրո, որն էլ բաժին է հասել «Զալբուրգին»։ Մնացած գումարը բաշխվել է խաղացողի գործակալի՝ Մինո Ռայոլայի և խաղացողի հոր միջև։ «Բորուսիայի» կազմում էլ խաղացողն արդեն մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ։ Այս ընթացքում նա «Բորուսիայի» կազմում հասցրել է դառնալ մի շարք ռեկորդների հեղինակ։ Էրլինգ Հալանդը չի փայլում իր տեխնիկայով, սակայն նա անհավանական արագություն ունի, հիանալի գոլային հոտառություն և իր 194 սմ հասակի շնորհիվ հիանալի է խաղում նաև երկրորդ հարկում։ Ակնհայտ է, որ համաշխարհային ֆուտբոլը նոր սուպեր աստղ է ունենալու․ մի քանի տարի հետո Հալանդին կտեսնենք ավելի բարձրակարգ ակումբում, ավելի լավ պայմանագրով և ավելի խոշոր աշխատավարձով։

Ջեյդոն Սանչո

Ակումբ – «Բորուսիա Դորտունդ»

Տարիք – 19

Աշխատավարձ – շաբաթական 230 հազար ֆունտ

Դիրք – աջ վինգեր

«Բորուսիա Դորտմուդին» միանշանակ կարելի է համարել եվրոպական ֆուտբոլի ամենաճիշտ սելեկցիոն աշխատանք կատարող թիմերից մեկը։ Ակումբը հստակ քաղաքականություն ունի․ ձեռք բերել երիատասրդ տաղանդավոր ֆուտբոլիստների, որոնք հետագայում տոն կտան ակումբի կազմում։ Այդ երիտասարդներից մեկն էլ Ջեյդոն Սանչոն էր, ով տեղ չգտնելով «Մանչեսթեր Սիթիի» աստղաբույլի կազմում, 2017 թվականի ամռանը 7,84 մլն եվրոյի դիմաց համալրեց «իշամեղուների» կազմը։ Այդ ժամանակ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ ընդամենը երեք տարի անց Սանչոյի գինը հասնելու է մինչև 120 մլն եվրո, իսկ նա համարվելու է եվրոպական ֆուտբոլի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը։ Սանչոն արդեն երկու մրցաշրջան է գլխապտույտ առաջացնող ֆուտբոլ է ցուցադրում։ 19-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում արդեն կրկնել է իր նախորդ մրցաշրջանի ցուցանիշը։ Եթե նախորդ մրցաշրջանում Սանչոն 43 խաղում դարձել էր 13 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ, ապա ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Առաջընթացն ակնհայտ է և Սանչոն միանշանակ լիովին արդրացնում է խոշոր աշխատավարձը, որը նրան վճարվում է։ Եթե Սանչոն մի փոքր էլ փորձ կուտակի և ավելի սառնասիրտ հանդես գա, ապա միանշանակ կարող ենք ասել, որ կդառնա «Ոսկե գնդակի» ամենահավանական թեկնածուներից մեկը։ Ամենայն հավանականությամբ Սանչոն եթե ոչ այս ամռանը, ապա հաջորդ ամռանը կվերադառնա Անգլիա։ Նրա համար կպայքարեն «Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Այս ֆուտբոլիստները միանշանակ մեծ ապագա կարող են ունենալ։ Հուսանք այս խաղացողներից ոչ մեկ չի հիվանդանա աստղային հիվանդությամբ, իսկ աշխատավարձի չափը միայն կմոտիվացնի նրանց։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով։

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023