Բոլոր առումներով կարևոր Էլ Կլասիկոն՝ այսօր
Այսօր՝ մարտի 2-ից 3-ն անցման ընթացքում մոլորակը մոտ 2 ժամով դարձյալ «կանգ կառնի»: «Ռեալ»-«Բարսելոնա». ֆուտբոլի պատմության ամենասկզբունքային դիմակայություններից մեկի հերթական սերիան է սպասվում:
Ընդամենը օրեր առաջ թիմերը հանդիպեցին Իսպանիայի Գավաթի խաղարկության շրջանակում. «Բարսելոնան» հաղթեց 3:0 հաշվով: Մինչև այդ էլ կայացել էր Գավաթի շրջանակում առաջին հանդիպումը, որն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:
Ներկա դրությամբ հետաքրքիր վիճակագրություն կա. երկու թիմերն էլ միմյանց նկատմամբ 95 հաղթանակ են տարել: Այսօր հաղթող թիմը առաջ կանցնի պատմական տարեգրությունում: Սա պատմության 242-րդ Էլ Կլասիկոն է: Հենց նաև մյուսի նկատմամբ առաջ անցնելու մեծ ցանկությունը մրցավեճը կդարձնի հետաքրքիր: Եւս մեկ շարժառիթ. դիմակայության պատմության մեջ «Բարսելոնան» վերջին 87 տարում առաջին անգամ հաղթանակների թվով «Ռեալից» առաջ անցնելու հնարավորություն ունի:
Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից նույնպես կարևոր հանդիպում է. «Բարսելոնան» 57 միավորով գլխավորում է աղյուսակը, «Ռեալը» զիջում է 9 միավոր: «Արքայական» ակումբի հաղթանակը կմոտեցնի առաջատարին, իսկ «կապտանռնագույնների» հաղթելու դեպքում չեմպիոնության շանսերն էլ ավելի կմեծանան:
Իսպանական առաջատար պարբերականները կազմել են հավանական մեկնարկային կազմերը. համահավաք կերպարն այսպիսին է.
«Ռեալ». Կուրտուա, Ռամոս, Ռեգիլոն, Վարան, Կարվախալ, Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ, Վինիսիուս, Բեյլ, Բենզեմա
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալբա, Պիկե, Ումտիտի, Սեմեդու, Բուսկետս, Ռոբերտո, Ռակիտիչ, Դեմբելե, Մեսսի, Սուարես
Այսպիսով, այսօր` Երևանի ժամանակով 23:45. «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոն. ուղիղ հեռարձակումը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: