Կլիխ. «Քանի Մեսին այնտեղ է, ոչ ոքի խորհուրդ չեմ տա տեղափոխվել «Ինտեր Մայամի»»
Ամերիկյան «ԴիՍի Յունայթեդի» ու «Ատլանտա Յունայթեդի» և Լեհաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մատեուշ Կլիխը հայտարարել է, որ «Ինտեր Մայամին» գործնականում պատկանում է Լիոնել Մեսիի հորը` Խորխե Մեսիին, հայտնում է Sport.pl-ն։
«Քանի Մեսին այնտեղ է, ոչ ոքի խորհուրդ չեմ տա տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Այդ ակումբը խայտառակություն է. խաղացողներն ու ֆիզիոթերապևտները հեռանում են։
Կազմակերպվածության առումով ամեն ինչ շատ վատ է։ Ակումբը փաստացի ղեկավարում է Մեսիի հայրը։ Բոլորն իսպաներեն են խոսում, և առանց նրանց թույլտվության անհնար է որևէ բան ձեռնարկել։ Ակումբի գրասենյակն էլ բուն Մայամիից 45-50 րոպե հեռավորության վրա է գտնվում։
Ես խորհուրդ կտայի տեղափոխվել Նյու Յորք։ «Ռեդ Բուլսն» ու «Սիթին» այժմ հիանալի ստադիոն ունեն։ «Կալամբուս Քրյուն» ու «Ցինցինատին» նույնպես տպավորիչ ենթակառուցվածքներ ունեն։
Կառաջարկեմ նաև «Նեշվիլը», որը նահանգի մայրաքաղաքում է գտնվում։ Փորթլենդն ու Սիեթլն էլ իրենց յուրահատուկ մթնոլորտն ունեն, բայց կարծես աշխարհի մյուս ծայրին լինեն»,- ասել է Կլիխը։
Նշենք, որ «Ինտեր Մայամիի» համասեփականատերերն են Դևիդ Բեքհեմը, Խորխե Մասն ու Խոսե Մասը։ Ակումբում հանդես են գալիս «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը, Ժորդի Ալբան և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը։
35-ամյա Մատեուշ Կլիխը ՄԼՍ-ում 79 խաղում 6 գոլ է խփել ու կատարել 13 ասիստ։ Նա 2025թ. օգոստոսին պայմանագիր է կնքել լեհական «Կռակովիայի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի ինստագրամյան նոր էջին http://bit.ly/4pzU5BH
# Ժորդի Ալբա, Ինտեր-Մայամի, Լեհաստանի հավաքական, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Խորխե Մեսսի, Կրակովիա, Մատեուշ Կլիխ, ՄԼՍ, Սերխիո Բուսկետս