Սպերցյանի գործակալ. «Սա Էդիկի վերջին շանսն է»

Սպերցյանի գործակալ. «Սա Էդիկի վերջին շանսն է»

21/08/2025 - 14:35

«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։

«Ցավոք, Եվրոպայից ոչ ոք ՌՊԼ-ը չի հետևում։ Առանց այն էլ մենք, եվրոպական լիգաների համեմատ, մրցունակ առաջնություն չունենք։ Հաջորդ տարի էլ ուժի մեջ կմտնի լեգեոներների շատ խիստ օրենք, ինչի հետևանքով առաջնությունն ավելի թույլ կդառնա։ Այլևս Ջոն Կորդոբայի մակարդակի խաղացողների չենք կարող հրավիրել Ռուսաստան։

Այդ պատճառով «Կրասնոդարի» դիրքորոշումը չեմ հասկանում։ Մուրադ Մուսաևն ասում էր` եթե տրանսֆերային պատուհանի փակման օրերին Սպերցյանի վերաբերյալ որևէ ակումբից առաջարկ ստանան, կընդունեն այն։

Որքան տեղյակ եմ չեմպիոնությունից հետո «Կրասնոդարի» ղեկավարներն Էդիկին ասել են. «Եթե քեզ և ակումբին բավարարող առաջարկ ստանանք, կվաճառենք տրանսֆերդ»։

«Սաութհեմփթոնը» վերջին երեք տարիներին Սպերցյանի տրանսֆերի համար ամենախոշոր առաջարկն է արել, ուստի շատ ցավալի կլինի, եթե նա այդպես էլ ոչ մի տեղ չտեղափոխվի։

Հաջորդ տարի նա 26 տարեկան կդառնա, իսկ 25-ից հետո շատ բան քո դեմ է աշխատում, ու նման առաջարկներ, հնարավոր է, այլևս չլինեն, բայց եթե նրա հետևից այլ ակումբ գա, ես միայն ուրախ կլինեմ։

Որպես գործակալ` հասկանում եմ, որ սա Եվրոպա տեղափոխվելու Էդիկի վերջին շանսն է, տրանսֆերային վերջին պատուհանը։

Ռուսաստանից Անգլիա տեղափոխության հստակ օրինակ կա։ Խոսքը Ուիլսոն Իսիդորի` «Զենիթից» «Սանդեռլենդ» տեղափոխության մասին է։ Ես խոսել եմ անգլիացի փաստաբանների հետ, որոնք հստակ ասել են, որ եթե ակումբն ուզում է նման գործարք իրականացնել, որևէ խոչընդոտ չի կարող լինել։

Ի տարբերություն Պրեմիեր լիգայի, որտեղ ակումբները տրանսֆերները պետք է համաձայնեցնեն առաջնության հետ, Չեմպիոնշիփում այդպես չէ։ Ամեն ինչ ակումբներն են որոշում։

Բացի այդ, Սաֆոնովի և Պերենի օրինակով կարող եմ ասել, որ «Կրասնոդարը» հանգիստ համագործակցում է եվրոպական ակումբների հետ ու չի գտնվում որևէ պատժամիջոցի ներքո»,- եզրափակել է Օհանյանը։

Հիշեցնենք, որ Սպերցյանի տրանսֆերը գնել ցանկանում է Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնը»։ «Սրբերը» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել են 14 միլիոն դոլար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023