«Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470 հազար մարդ». ՀՖՖ հայտարարությունը

«Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470 հազար մարդ». ՀՖՖ հայտարարությունը

18/08/2025 - 15:58

ՀՖՖ հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԱԱ-2026-ի ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի F խմբի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի գործընթացին.

«Հարգելի՛ երկրպագուներ, Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ:

Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել:
«Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 հայտի պահանջ:

Բնականաբար, շուրջ 463․000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել:

Տոմսերի պաշտոնական վաճառքից դեռ ամիսներ առաջ համացանցում եղել են վաճառքի վերաբերյալ ՈՉ պաշտոնական հայտարարություններ, հիմա էլ ոմանք աստղաբաշխական գներով տոմսեր են վաճառում:

Վերավաճառողների դեմ պայքարելու համար ՀՖֆ-ին խորհուրդ էին տալիս հանդիպման տոմսերը վաճառել 100․000-200․000 դրամ, բայց ՀՖՖ ռազմավարության հիմնական ուղղություններից է ֆուտբոլը որպես սոցիալական երևույթ ընկալելը։ Բնականաբար, տոմսերի նման թանկացում չէր կարող լինել:

Տեղեկացնենք, որ 14․000 նստատեղով ստադիոնի մոտ 7․000 տոմս վաճառվել է շատ մատչելի՝ 1000-3000 դրամ: Շուկայում այժմ այս տոմսերը վաճառում են տասնապատիկ թանկ:

ՀՖՖ-ի վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին: Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ: Այս դեպքում ևս կարող է լինել բողոքի մեծ ալիք, որի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի:

Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ՀՖՖ-ն հորդորում է շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար: ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար: Վերավաճառողից տոմս չգնելով՝ կօգնենք, որպեսզի հետագայում հայկական ֆուտբոլից իսպառ վերանա այս բացասական երևույթը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023