ՉԼ․ այսօր կստանանք շատ հարցերի պատասխաններ

ՉԼ․ այսօր կստանանք շատ հարցերի պատասխաններ

10/12/2019 - 19:34

Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրը։ Կկայանան E, F, G և H խմբերի հանդիպումները։ Այս 4 խմբերի ներկայացուցիչներից միայն կատալոնական «Բարսելոնան» և «Լայպցիգն» են ապահովել իրենց տեղը փլեյ-օֆֆում, իսկ մյուս թիմերը դեռևս չպարզած հարցեր ունեն, որոնք կստանանք այսօր՝ ուշ երեկոյան։

Խումբ E

«Զալցբուրգ» – «Լիվերպուլ», 21։55

«Նապոլի» – «Գենկ»․ 21։55

Վիճակահանությունից առաջ այս խմբում թվում էր երկու ակնհայտ ֆավորիտ կա, սակայն «Զալցբուրգն» իր պայծառ, համարձակ ու հարձակվողական ֆուտբոլով կարողացավ խառնել խմբի ֆավորիտների խաղաքարտերը, իսկ Էրլինգ Հալանդն այն խաղացողներից է, ով ապացուցում է, որ ֆուտբոլում կայծակնային տեմպերով սերնդափոխություն է տեղի ունենում։

«Լիվերուլը» դեռևս «Զալցբուրգի» դեմ առաջին խաղում բախվեց լուրջ խնդիրների, երբ ավստրիացիները կարողացան հետ բերել 3 գնդակի տարբերությունը։ Յուրգեն Կլոպպի սաները միյան իրենց փորձի հաշվին կարողացան հաղթանակ կորզել։ Եվ այսօր Մարշ Ջեսսիի սաները միանշանակ կպայքարեն և կփորձեն դուրս գալ փլեյ-օֆֆ, քանի որ նրանց ձեռնտու է 1։0 կամ էլ ցանկացած 2 գնդակի տարբերությամբ հաղթանակը։ Սակայն, «Լիվերպուլն» այն թիմերից չէ, որ ամբողջ մրցաշարում համարվելով ֆավորիտ, այդպես դուրս մնա։ պայքարից։ Բայց, եկեք առաջ չընկնենք։

Կանխատեսում՝ գոլառատ հանդիպում

«Նապոլին» հիանալի հնարավորություն ունի խմբում «Լիվերպուլից» ավելի բարձր դիրք զբաղեցնելու։ Սակայն, Կառլո Անչելոտիի սաները բազմաթիվ ներքին խնդիրներ ունեն։ Բոլոր մրցաշարերը միասին վերցրած նեապոլիտանական ակումբը վերջին անգամ հաղթել է հոկտեմբերի 23-ին, այսինքն՝ արդեն 9 խաղ չի տոնել հաղթանակ։ Նույնիսկ «Գենկին» հաղթելն է դժվար լինելու, սակայն, ամեն դեպքում, «Նապոլին» այսօրվա խաղի ֆավորիտն է։

Կանխատեսում՝ «Նապոլիի» հաղթանակ

Խումբ F

«Ինտեր» – «Բարսելոնա» 23։55, «ArmeniaPremium» ՀԸ

«Բորուսիա Դորտմունդ» – «Սլավիա Պրահա», 23։55

Կատալոնական «Բարսելոնան» այսօրվա խաղային այն քիչ թիմերից մեկն է, որը ոչ մի մարզական խնդիր չունի լուծելու, այդ պատճառով էլ Էռնեստո Վալվերդեն որոշել է մի շարք առաջատարների թողնել Բարսելոնայում։ Թիմի հետ Միլան չեն մեկնել Լեո Մեսսին, Ժերարդ Պիկեն, Սերխիո Ռոբերտոն, Արթուրթը և այլք։

Թիմերի միջև հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ «ներաձուրիները» լուրջ խնդիրներ ստեղծեցին «կապտանռնագույնների» համար, սակայն այդպես էլ չկարողացան վաստակել գոնե 1 միավոր։ «Ինտերը» հաղթանակի դեպքում միանշանակ դուրս կգա փլեյ-օֆֆ, իսկ չհաղթելու դեպքում պետք է հուսա, որ Դորտմունդում ընթացող զուգահեռ խաղում «Բորուսիան» նույնպես միավորներ կկորցնի։ Սակայն, «Ինտերին» սրանից լավ հնարավորություն չի կարող տրվել։ «Բարսան» Մեսսիի հետ լրիվ այլ թիմ է, առանց նրա՝ լրիվ այլ, իսկ Լաուտարո-Լուկակու զույգը կարող է ցանկացած թիմի պաշտպանություն ճեղքել։

Կանխատեսում՝ «Ինտերի» հաղթանակ

Նույն իրավիճակում է հայտնվել նաև «Բորուսիան»։ Դորտմունդցիները լրիվ կախված են «Ինտերի» հանդիպման արդյունքից։ Ճիշտ է՝ «Սլավիան» ապացուցել է, որ իրենց հաղթելը խաղ ու պար չէ, սակայն այսօր ենթադրվում է, որ «իշամեղուները» կտանեն հաղթանակ՝ հույս ունենալով, որ «Բարսան» հյուրընկալվելիս միավորներ կխլի «Ինտերից»։ Բայց, եկեք անկեղծ լինենք, իր խաղով դորտմունդցիներն այնքան էլ արժանի չեն այս խմբից դուրս գալու։

Կանխատեսում՝ «Բորուսիայի» հաղթանակ

Խումբ G

«Լիոն» – «Լայպցիգ», 23։55

«Բենֆիկա» – «Զենիթ», 23։55

Այս խումբն ամենախճճվածն է։ «Լեյպցիգն» ապահովել է իր տեղը 1/8 եզրափակչում, սակայն դեռ հայտնի չէ, թե խմբից որ տեղով դուրս կգան գերմանացիները։

Այնքան խառն է իրավիճակն այս խմբում, որ, հավանական է, որ 3 թիմ խաղերի արդյունքներից հետո ունենան կա՛մ 10 միավոր, կա՛մ էլ 7 միավոր։

Այս թիմերից պայքարը շարունակելու ամենաքիչ շանսերն ունի «Բենֆիկան», քանի որ թե՛ «Լիոնի» դեմ խաղերում և թե՛ «Զենիթի» դեմ խաղերում չուն անհատական առավելություն: «Բենֆիկան» լավագույն դեպքում, հնարավոր է, պայքարը շարունակի Եվրոպա լիգայում։

Շատ հավանական է, որ պայքարը կշարունակեն «Լայպցիգն» ու «Լիոնը», քանի որ «Զենիթը» պիտի դրսում չպարտվի «Բենֆիկային» և հուսա, որ «Լիոնը» սեփական հարկի տակ չի հաղթի «Լայպցիգին», իսկ ինչպես հիշում եք այդ թիմերի միջև կայացած առաջին խաղում ֆրանսիացիները հյուրընկալվելիս հաղթել էին։

Կանխատեսում՝ գոլառատ հանդիպումներ

Խումբ H

«Չելսի» – «Լիլ», 23։55

«Այաքս» – «Վալենսիա», 23։55, «Արմենիա» ՀԸ

«Չելսին» հայտվել է բարդ իրավիճակում։ Նախորդ տուրում «Վալենսիային» չհաղթելով՝ ինքն իրեն դրեց բարդ խնդրի առաջ։ Լոնդոնյան ակումբն այսօր պիտի փորձի հաղթել մի թիմի, որը նույնիսկ Եվրոպա Լիգա դուրս գալու շանսեր չունի, այսինքն, չունի կորցնելու ոչինչ և կարող է մինչև վերջ պայքարել՝ փորձելով իր հետևից դուռը շխկացնել։ Բայց, պետք է նշենք նաև, որ «Չելսին» «Լիլի» մակարդակի թիմերի այս մրցաշրջանում ԱՊԼ-ի շրջանակում արդեն հաղթել է։

Կանխատեսում՝ «Չելսիի» հաղթանակ

«Չելսիի» 1/8 եզրափակիչ դուրս գալուն կարող է խանգարել միայն «Վալենսիայի» արտագնա հաղթանակը, որը դժվար է պատկերացնել, հատկապես, որ ամստերդամյան ակումբը առաջին խաղում հյուրընկալվելիս 0։3 հաշվով ջախջախել է «չղջիկներին»։ Ամբողջ խմբային փուլի ընթացքում «Այաքսը» խաղում է այն ֆուտբոլը, որը ցույց էր տալսի նախորդ տարվա գարնանը և վստահ քայլերով շարժվում է դեպի հերթիական եվրագավաթայաին գարնանային հատվածին։ Սակայն, «Վալենսիային» նույնիսկ ոչ-ոքին ձեռնտու չէ, այդ պատճառով էլ, հուսով ենք, որ«Այաքսը» չի տանի հեշտ հաղթանակ և կտեսնենք դիտարժան խայքար։

Կանխատեսում՝ «Այաքսի» հաղթանակ

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023