Գործարքը կայացած է. Չելսին նոր գլխավոր մարզիչ կունենա
«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Էնցո Մարեսկան, որը 2023/24 մրցաշրջանում նույն պաշտոնը զբաղեցրել է «Լեսթերում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» 44-ամյա մասնագետի խզման համար «աղվեսներին» վճարելու են 10 մլն եվրոյից ավելի փոխհատուցում։ Մարեսկան ու «Լեսթերը» պայմանագիր ունեն մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Իտալացի մարզիչը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «5+1» ձևաչափով։ Այն կգործի մինչև 2029 թ. հունիսի 30-ը և կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Մարեսկան «Չելսիում» փոխարինելու է Մաուրիսիո Պոչետինոյին։ Արգենտինացի մասնագետը վերջերս է պաշտոնանկ արվել։
Էնցո Մարեսկան «Լեսթերի» ղեկին ավարտված մրցաշրջանում դարձել է Չեմպիոնշիփի հաղթող` օգնելով ակումբին մեկ տարվա դադարից հետո վերադառնալ Պրեմիեր լիգա։ Մասնագետը 2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիում» եղել է Պեպ Գվարդիոլայի օգնականը, իսկ 2020-21 թթ. մարզել է «քաղաքաբնակների» Մ-23 թիմը։ «Վեսթ Հեմում» էլ 2018/19 մրցաշրջանում աշխատել է Մանուել Պելեգրինիի մարզչական շտաբում։
Մարեսկան «Սևիլիայում» աշխատել է նաև Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ` զբաղեցնելով տեխնիկայի զարգացման մարզչի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնցո Մարեսկա, Լեսթեր, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Սևիլիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո