Ֆուտբոլիստներ, ովքեր կարող են թարմություն բերել հայկական թիմերին և ֆուտբոլին

Ֆուտբոլիստներ, ովքեր կարող են թարմություն բերել հայկական թիմերին և ֆուտբոլին

26/11/2022 - 12:43

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգան վերջին մի քանի տարիներին զգալիորեն աճել է։ Եթե նախկինում թիմերի մեծամասնությունը նախընտրում էին թիմ հրավիրել աֆրիկացիների, ապա վերջին տարիներին հայկական թիմերի տրանսֆերային շրջանակը ընդլայնվել է` ընդգրկելով թե՛ եվրոպական, թե՛ հարավամերիկյան երկրներ։ Սակայն, ոչ վաղ անցյալի շատ ֆուտբոլիստներ այսօր ունեն մեր առաջնությանը համարժեք տրանսֆերային արժեք, և նրանց` թիմ հրավիրելը հայկական թիմերի համար կարող է աճի ու զարգացման մեծ հնարավորություններ տալ։

Ռենան Ռիբեիրո

Բրազիլացի 32-ամյա դարպասապահ Ռոման Ռիբեիրոյին քչերը կհիշեն։ Նա պորտուգալական ֆուտբոլում թրծված այն դարպասապահներից է, ով խաղացել է տեղի ամենահեղինակավոր թիմերից մեկի` «Սպորտինգի» կազմում։ 2019 թվականից այս կողմ Ռիբեիրոն դեռևս ոչ մի խաղ չի խաղացել, իսկ տրանսֆերային արժեքը նվազել է` հասնելով 350.000 եվրոյի, ինչը հայկական թիմերից շատերի համար հսկայական գումար չէ։ Ռիբեիրոն կարող է շատ արագ ընդգրկվել հայկական ֆուտբոլին, քանի որ բրազիլացի շատ ֆուտբոլիստներ կան, որոնք արագ ադապտացել են հայկական ֆուտբոլին` ի դեմս Մարկոս Պիզզելիի, Ալեքսի, Ալեմաոյի, Մարկոս Ժունիորի։ Ռիբեիրոն հայկական ակումբների համար կարող է շատ օգտակար ֆուտբոլիստ լինել։ Նա խաղացել է ոչ միայն «Սպորտինգում», այլև պորտուգալական «Էշտորիլում», բրազիլական «Սան Պաուլոյում» և «Ատլետիկո Մինեյրոյում»: Նա անգամ Բրազիլիայի Մ20 տարեկանների հավաքականում 9 խաղի է մասնակցել։ Նրա կարիերայի վիճակագրությունը ևս շատ խոսուն է։ Անցկացրած 191 խաղերից հետո Ռիբեիրոն բաց է թողել 228 գնդակ` միջինը 1 խաղում 1.19 գնդակ։ Այո՛, սա վատ ցուցանիշ չէ, իսկ ինչո՞ւ չհրավիրել նրան։

Սալիֆ Սանե

Գերմանական «Հանովերի» 32-ամյա սենեգալցի կենտրոնական պաշտպան Սալիֆ Սանեն մնացել է անթիմ։ Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել 2022 թվականի հուլիսի 31-ին Գերմանիայի գավաթում` «Բրեմերի» դեմ խաղում։ Սալիֆ Սանեն երկար տարիներ խաղացել է «Հանովերի» կազմում (2012/13-2018/19), և խաղացել է հենց մեկնարկային կազմում։ Նրա տրանսֆերային արժեքը այդքան էլ բարձր չէ` մոտ 500.000 եվրո, բայց այն, թե ինչպիսի խաղ ու որակ կարող է բերել հայկական թիմերին նրա խաղը, հաստատ արժե բանակցել իր հետ։ Սալիֆ Սանեն բավականին բարձրահասակ է և գոլերի մեծամասնությունը խփել է հենց տուգանային ու անկյունային հարվածներից հետո։

Նրա խաղային առանձնահատկություններից մեկն այն է, որ կարողանում է առաջին փոխանցում կատարել, որը մերօրյա ֆուտբոլի կարևոր հատկանիշներից մեկն է, հատկապես, պաշտպանների համար։ Նա իր կարիերայում խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Նանսը», «Հանովերը» և «Շալկեն-04-ը», վերջինս նրա դեռևս վերջին թիմն էր։ Հայկական ակումբնե՛ր, ամուր պաշտպանությո՞ւն եք ուզում, ահա նա` Սալիֆ Սանեն։

Վիկտոր Սանչես

«Բարսելոնայի» երկրպագուները, գուցե, կհիշեն նրան։ Հեռանկարային ֆուտբոլիստ, ով «Բարսելոնայում» ոչնչի չհասավ։ Վիկտոր Սանչեսն է` իսպանացի 35-ամյա կենտրոնական կիսապաշտպան, ով վերջին տարիներին աշխարհի լավագույն առաջնություններից մեկում էր հանդես գալիս` Լա Լիգայում։ Վիկտոր Սանչեսը երկար ու ձիգ տարիներ անցկացրեց «Բարսելոնայի» թշնամի` «Էսպանյոլի» կազմում, իսկ այսօր նա ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Վիկտոր Սանչեսը 11 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում, հասցրել է խաղալ «Էսպանյոլում», նաև՝ «Խետաֆեում»: Նա հայկական ակումբների խաղը կենտրոնում կարող է այնպես կարգավորել, ինչպես կարգավորում էին Ալֆոնսո Կոջոն «Արարատ-Արմենիայում», Իվուն`«Ուրարտույում», Հովհաննես Հարությունյանը`«Փյունիկում»: Այնպես էլ չէ, որ բարձր է նրա տրանսֆերային արժեքը։ Կազմում է մոտավորապես 400.000 եվրո։

Մատեո Մուսախիո

Ծանոթ անուն էր, չէ՞։ Մատեո Մուսախիոն է` 32-ամյա արգենտինացի կենտրոնական պաշտպան։ «Վիլյառեալի» նախկին պաշտպանը մնացել է «գործազուրկ»: Տրանսֆերային արժեքն այնպիսին է, որ հայկական թիմերը կարող են իրենց կողմը քաշել պաշտպանին։ Վճարեք 400.000 եվրո, և Մատեո Մուսախիոն կկրի Ձեր թիմի խաղաշապիկը։ Մուսախիոն «Վիլյառեալի» սիրտն էր։ Նա 249 հանդիպում է անցկացրել իսպանական թիմում, պատկերացնո՞ւմ եք։ Բայց նա ոչ միայն իսպանական, այլև իտալական թիմերում է խաղացել`«Լացիոյում» և «Միլանում»: 182 սմ հասակ ունեցող կենտրոնական պաշտպանը արգելք կլինի մրցակիցների համար։

Մուսա Դեմբելե

Այս շարքի ամենահայտնի խաղացողը, ում բոլորդ, վստահ եմ, ճանաչում եք։ «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան, բելգիացի Մուսա Դեմբելեն է, ով արդեն 35 տարեկան է, բայց դեռ՝ ֆուտբոլում։ «Տոտենհեմի» կիսապաշտպանը հայկական թիմերի համար ոչ միայն օգտակար կլինի իր խաղով, այլև թիմի հանդեպ հետաքրքրություն կմտցնի, կլինի, ինչու չէ, թիմի բրենդը։ Մուսա Դեմբելեի տրանսֆերային արժեքը 400.000 եվրո է, գրեթե այնքան, որքան Մաիլսոն Լիմայինն է, Ռոմերսիոյինը, Օտուբանջոյինը և այլն։

Կան շատ խաղացողներ, ում ներկայությունն անգամ խանդավառություն է բերում թիմին։ Պետք է գտնել նրանց ու հրավիրել թիմ։

Սամվել Մխիթարյան

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023