Վիլյառեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` կապված Վալվերդեի և Բաենայի միջադեպի հետ
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ խաղից հետո արտառոց միջադեպ է տեղի ունեցել. «արքայական» ակումբի կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի ավտոկայանատեղիում հարձակվել և հարվածել է «դեղին սուզանավի» հարձակվող Ալեքս Բաենայի դեմքին։
«Վիլյառեալը» կատարվածի առթիվ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
««Վիլյառեալի» ֆուտբոլիստ Ալեքս Բաենան երեկ երեկոյան հարձակման է ենթարկվել «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում «Ռեալի» դեմ կայացած խաղից հետո թիմի ավտոբուս նստելու պահին։
Իրավիճակով պայմանավորված՝ Բաենան որոշել է հարձակվողի դեմ բողոք ներկայացնել ոստիկանություն։
«Վիլյառեալը» ցանկանում է ևս մեկ անգամ հիշեցնել, որ դեմ է բռնության ցանկացած գործողության։ Ակումբը հաստատապես հավատում է իրադարձությունների խաղացողի վարկածին և կաջակցի նրան այս գործընթացի ընթացքում»,- նշված է «դեղին սուզանավի» տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Հավելենք, որ, ըստ տարածված տեղեկությունների, Բաենան «Ռեալի» և «Վիլյառեալի» միջև կայացած վերջին երկու խաղերում ծաղրել է Վալվերդեի ընտանիքին և կատակել նրա կնոջ` Մինա Բոնինոյի հղիության վերաբերյալ, ինչը հունից հանել է ուրուգվայցի ֆուտբոլիստին։
Սույն թվականի տարեսկզբին տեղեկություններ կային, թե Վալվերդեն և Բոնինոն կորցրել են իրենց երեխային, սակայն, բարեբախտաբար, նրա կյանքը հաջողվեց փրկել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Բայենա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Վիլյառեալ, Ֆեդերիկո Վալվերդե