Սուպերլիգային, հնարավոր է,  մասնակցեն 100-ից ավելի ակումբներ

Սուպերլիգային, հնարավոր է, մասնակցեն 100-ից ավելի ակումբներ

23/10/2021 - 11:18

Նոր մանրամասներ են հրապարակվել Սուպերլիգայի վերսկսման և նոր ձևաչափի մասին։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, այդ գաղափարի իրագործմամբ հետաքրքրված են Սուպերլիգայում մնացած երեք ակումբները` «Յուվենտուսը», «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդը»։

Եթե ակումբները կարողանան կարգավորել բոլոր իրավական հարցերը, ապա հնարավոր է` ստեղծվի նոր մրցաշար, որը կմրցակցի Չեմպիոնների լիգայի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` աշխատանքներ են տարվում Սուպերլիգայի կազմն ընդլայնելու շուրջ։ Հիմնադիրները մտադիր են Սուպերլիգայի շարքերը համալրել այնպիսի ակումբներով, որոնք գերիշխում են իրենց ներքին առաջնություններում, սակայն հաջողություններ չեն գրանցում Չեմպիոնների լիգայում։

Ենթադրվում է, որ խոսքը Ուկրաինայի, Թուրքիայի, Հոլանդիայի, Շոտլանդիայի, Ռուսաստանի, Պորտուգալիայի և Բելգիայի առաջնությունների առաջատար ակումբների մասին է։

Սուպերլիգայի ստեղծման գաղափարի հետ կապված հանրության զայրույթը մեծապես պայմանավորված էր այն փաստով, որ, անկախ արդյունքներից, միանգամից 15 ակումբներ լինելու էին մրցաշարի մշտական անդամներ, ինչը հակասում է սպորտային բոլոր սկզբունքներին։ Այս տեսանկյունից Սուպերլիգան կարող է դառնալ ավելի բաց ու ներառական։

Փակ առաջնության փոխարեն` Սուպերլիգայի ղեկավարները մտադիր են ստեղծել առաջնությունների բուրգ։ Նպատակ կա ստեղծել մի քանի լիգաներ` յուրքանչյուրը 20-ական ակումբով։

Կլինի մեկ բարձրագույն առաջնություն, երկրորդ և երրորդ դիվիզիոններ, ինչպես նաև չորրորդ դիվիզիոն` իր ենթախմբերով։

Ընդհանուր առմամբ Սուպերլիգայի մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 140-ի և կգործի դիվիզիոններից նահանջելու և հաջորդ դիվիզիոն բարձրանալու սկզբունքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023