Սալիհամիջիչը խոսել է Նագելսմանի պաշտոնանկության մասին` բացատրելով ակումբի որոշումը

Սալիհամիջիչը խոսել է Նագելսմանի պաշտոնանկության մասին` բացատրելով ակումբի որոշումը

26/03/2023 - 15:21

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Յուլիան Նագելսմանն ազատվել է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է այդ մասին` բացատրելով, թե ակումբն ինչու է նման որոշում կայացրել.

«Սա իմ կայացրած ամենադժվար որոշումն էր այն պահից ի վեր, ինչ զբաղեցնում եմ ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը։

Յուլիանի հետ բաց, ընկերական և վստահելի հարաբերություններ եմ ունեցել հենց առաջին օրվանից։ Ցավում եմ նրանից բաժանվելու համար։

Այնուամենայնիվ, թիմի զարգացման մանրակրկիտ վերլուծությունից, հատկապես հունվարին գրանցած արդյունքներից և նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածի փորձից հետո, որոշեցինք ազատել նրան զբաղեցրած պաշտոնից։

Ես շատ երախտախարտ եմ Նագելսմանին այն ամենի համար, ինչ նա արել է ակումբի համար։ Ամենայն բարիք եմ մաղթում նրան»,- բոսնիացի ֆունկցիոների խոսքերը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։

90min-ին էլ տված ճեպազրույցի ժամանակ Սալիհամիջիչը նշել է հետևյալը.

«Հուսով եմ` հասկանում եք, թե որքան բարդ էր այս քայլին գնալը։ Մենք վստահելի հարաբերություններ ունեինք։

Գիտեմ, որ այս որոշումը կարող է շատերին դուր չգալ, սակայն մենք ամեն ինչի մասին շատ լավ մտածել ենք։ Կարծում ենք, որ «Բավարիայի» համար լավագույն որոշումն ենք կայացրել։

Նախորդ տարվա մարտ ամսից ակումբի արդյունքներն սկսեցին չհամապատասխանել սպասելիքներին. մենք անհասկանալիորեն խաղեր էինք տանուլ տալիս։ Սեպտեմբերին նույնպես խաղային խնդիրներ ունեցանք։

Աշխարհի առաջնությունից առաջ մենք շատ լավ էինք խաղում, բայց եթե նայեք մրցաշրջանի երկրորդ հատվածը, ապա արդեն կարող եք տեսնել, որ խոսքը ոչ թե ժամանակահատվածների, այլ ընդհանուր հայեցակարգի անգործության մասին է։ Մեզ, նույնիսկ, հաղթանակներն էին տրվում դժվարությամբ։

Մենք մինչև մարտի 19-ի երեկոյան ժամը 11-ը հավատում էինք Յուլիանին։ Բազմիցս աջակցել ենք միմյանց, քննարկել ենք մարզումներն ու հանդիպումները։

Նա թոփ մասնագետ է, և մինչև վերջին պահն էլ չենք ցանկացել ազատել նրան պաշտոնից, սակայն «Բայերի» դեմ խաղից հետո (1:2) նստեցինք ու քննարկեցինք իրավիճակը։

Ֆուտբոլն անկեղծ է բոլորի հետ, երբ սկսում ես նայել արդյունքներին ու թվերին։ Երբ արդյունքներն անկում են ապրում, պետք է կառավարել ստեղծված իրավիճակը։ Նույնը վերաբերում է նաև հավատի կորստին։

Բարեբախտաբար, շուկայում հասանելի բարձրակարգ մարզիչ կար, և ամեն ինչ զարգացավ շատ արագ»,- հավելել է Սալիհամիջիչը։

Նշենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում Յուլիան Նագելսմանին փոխարինել է Թոմաս Տուխելը։

Հավելենք, որ «Բավարիան» Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 25 խաղից հետո վաստակել է 52 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Ակումբը դուրս է եկել նաև Գերմանիայի գավաթի ու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որոնց շրջանակում կմրցի համապատասխանաբար «Ֆրայբուրգի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023