Ռոման պատժվեց տեխնիկական պարտությամբ
Ինչպես տեղեկացնում են Ա սերիայի մամուլի ծառայությունից, Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Սպեցիայի» դեմ խաղում «Ռոման» պատժվեց տեխնիկական պարտությամբ՝ 0։3 հաշվով։
Այս որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ վերոհիշյալ խաղում նախատեսված 5-ի փոխարեն հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կատարել էր 6 փոխարինում, ինչը համարվում է Իտալիայի Գավաթի սահմանված կանոնակարգի խախտում։
Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» անվան դիմաց արդեն երկրորդ անգամ է գրանցվում տեխնիկական պարտություն։
Ավելի վաղ՝ Ա սերիայի առաջին տուրի «Վերոնայի» դեմ խաղում, 48-ամյա մասնագետը փոխարինման էր դուրս բերել կիսապաշտպան Ամադու Դիավարային, ում սխալ տարիքային խմբում է հայտավորած եղել։
Հիշեցնենք, որ «Ռոմա» – «Սպեցիա» գավաթային խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում «Սպեցիայի» ֆուտբոլիստները կարողացել են ևս երկու գնդակ ուղարկել այդ պահին 9 ֆուտբոլիստով հանդես եկող հռոմեացիների դարպասը՝ հաղթելով 4։2 հաշվով։
Այդ խաղում հերթական գոլն էր խփել նաև Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը։
# Ամադու-Դիավարա, Իտալիայի-Գավաթ, Հենրիխ-Մխիթարյան, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա, Սպեցիա