Ռեալը վերգտնում է վստահությունը՝ մոտենալով Ատլետիկոյին 🎥

Ռեալը վերգտնում է վստահությունը՝ մոտենալով Ատլետիկոյին 🎥

10/02/2021 - 01:48

Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ դեռևս 1-ին տուրից հետաձգված «Ռեալ Մադրիդ» – «Խետաֆե» հանդիպումը։

Այս խաղը պետք է կայանար դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ «արքայական» ակումբը նախորդ տարվա օգոստոսին մասնակցում էր Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության փլեյ-օֆֆ փուլին, «Ռեալին» լրացուցիչ հանգստի հնարավորություն տրվեց։

Խաղն սկսվեց տանտերերի տարածքային առավելությամբ։ «Սերուցքայինները» հենց խաղասկզբից տիրեցին գնդակին և խաղը թելադրողի դերում էին։ Միայն առաջին խաղակեսում Զինեդին Զիդանի սաները 7 հարված կատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, իսկ «Խետաֆեն» բացառապես զբաղված էր պաշտպանությամբ, քանի որ առաջին 45 րոպեների ընթացքում ոչ մի հարված մրցակցի դարպասի ուղղությամբ այդպես էլ չկարողացան կատարել։

Այնուամենայնիվ, «Ռեալի» գրոհները նույնպես ցանկալի արդյունք չէին տալիս, և կողմերն ընդմիջման գնացին նույն հաշվով, որով որ սկսել էին հանդիպումը։

Արդարության համար պետք է նշել, որ հորդառատ անձրև էր տեղում, ինչն իր բացասական հետևանքն էր ունենում երկու թիմերի ֆուտբոլիստների գործողություններում, որոնք հաճախակի էին սայթաքում։

Երկրորդ խաղակեսում «Ռեալը» վերջապես կարողացավ իր ունեցած տարածքային առավելությունը վերածել որակի՝ երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։

Նախ՝ 60-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Կարիմ Բենզեման, ապա 67-րդ րոպեին մադրիդցիների առավելությունը կրկնապատկեց Ֆերլան Մենդին։

«Արքայական» ակումբը հանդիպման մնացած ժամանակահատվածում հանգստացրեց խաղը՝ մոտեցնելով այն տրամաբանական ավարտին։

Պետք է նշենք, որ Զիդանի թիմը բավական որակյալ հանդիպում անցկացրեց և որևէ հնարավորություն չտվեց «Խետաֆեին»։ Հանդիպման հյուրերը ողջ խաղի ընթացքում կատարեցին ընդամենը 1 հարված, որն էլ շեղ էր։

Այսպիսով, «Ռեալը» հաղթեց 2։0 հաշվով, վաստակեց 46 միավոր, շրջանցեց «Բարսելոնային» և բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն կատալոնական ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել իր հավերժ մրցակցի համեմատ։ «Արքայական» ակումբն առաջնության առաջատար «Ատլետիկոյին» այժմ զիջում է 5 միավոր, սակայն մադրիդյան մյուս ակումբն էլ 2 խաղ է պակաս անցկացրել «Ռեալի» համամետ։

Ինչ վերաբերվում է «Խետաֆեին», ապա Պեպե Բորդալասի թիմը մնաց 24 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023