Սելտան մի փոքր հույս է տալիս Բարսային ու Ռեալին՝ միավորներ խլելով Ատլետիկոյից 🎥

Սելտան մի փոքր հույս է տալիս Բարսային ու Ռեալին՝ միավորներ խլելով Ատլետիկոյից 🎥

09/02/2021 - 01:57

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Մադրիդում ընդունեց «Սելտային»։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ Վիգոն ներկայացնող ակումբը 13-րդ րոպեին Սանտի Մինայի ջանքերով բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Ուգո Մալյոյի փոխանցումը։

Առաջին կեսում Դիգեո Սիմեոնեի սաներն առանձնապես ակտիվ չէին, սակայն նախքան ընդմիջման գնալը նրանց հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 45-րդ րոպեին «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի լուսատախտակին 1։1 հաշիվը վառեց Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը։

Երկրորդ խաղակեսը նոր էր մեկնարկել, երբ 50-րդ րոպեին ուրուգվայցի հարձկավողն իր անվան դիմաց արդեն դուբլ գրանցեց՝ առաջ մղելով «հնդկացիներին»։

Լուիս Սուարեսը պարզապես ճախրում է։ Ուրուգվայցի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփել է արդեն 16 գոլ և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Էլ Պիստոլերոյին» երեքական գնդակ զիջում են «Բարսելոնայում» նրա նախկին խաղընկեր Լեո Մեսսին և «Սևիլիայի» մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսերին։

Թվում էր՝ մադրիդյան ակումբը հերթական հաղթանակը պետք է տանի և ավելի ամրապնդվի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, սակայն «Սելտային» հաջողվեց մեկ միավոր փրկել։ Հանդիպման 90-րդ րոպեին փրկության գնդակը խփեց փոխարինման մտած Ֆակունդո Ֆերեյրան։

Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։

Այսպսիով, «Ատլետիկո Մադրիդը» կարևոր երկու միավոր կորցրեց։ «Հնդկացիները» վաստակեցին 51 միավոր։ Այս խաղից հետո մադրիդյան ակումբի մոտակա հետապնդողներ «Բարսելոնան» ու «Ռեալը» մի փոքր կրճատեցին առաջինի նկատմամբ ունեցած իրենց տարբերությունը և այժմ «Ատլետիկոյին» զիջում են 8 միավոր, սակայն Դիեգո Սիմեոնեի թիմը դեռևս մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

«Սելտան» էլ վաստակեց 25 միավոր, ինչը նշանակում է, որ Էդուարդո Կոուդետի սաները բարձրանում են մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023