Ռեալի կրակը մարեց. Էսպանյոլը խոշոր անակնկալ մատուցեց🎥
Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էսպանյոլի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին և ավելի շատ հարվածում, սակայն նրանց խաղում առանձապես չկար սրություն։
Դեռ ավելին` կողմերն ընդմիջման գնացին «Էսպանյոլի» նվազագույն առավելության պայմաններում, քանի որ կատալոնական ակումբը 17-րդ րոպեին Ռաուլ Դե Տոմասի ջանքերով բացեց խաղի հաշիվը։
Կառլո Անչելոտիի սաներն իրենց ամենաիրական գոլային պահը ստեղծեցին միայն 50-րդ րոպեին, երբ Տոնի Կրոսի իրացրած անկյունայինից հետո Էդեր Միլիտոն մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, սակայն գնդակը մի փոքր շեղ ընթացավ։
Այդ դրվագից հետո էլ տանտերերը կրկնապատկեցին իրենց առավելությունը. Ալեիշ Վիդալը հարձակման աջ եզրով հիանալի անցում ձեռնարկեց և գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը` ճանապարհին գնդակն անցկացնելով նաև Նաչոյի ոտքերի արանքով։
Խփած գոլից հետո` 64-րդ րոպեին, Վիսենտե Մորենոյի թիմը կարող էր վերջակետ դնել այս խաղում. Սերխի Դարդերը մեն-մենակ մնաց Կուրտուայի դիմաց, սակայն շեղ հարվածեց։
«Թութակների» չիրացրած պահից հետո գործեց ֆուտբոլի գլխավոր չգրված օրենքը. «Չես խփում դու, խփում են քեզ..»։ 71-րդ րոպեին Կարիմ Բենզեման կրճատեց հաշվի տարբերությունը։
Խաղավարտն անչափ լարված պայքարում անցավ. «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն անում էին ամեն ինչ, որպեսզի խուսափեն պարտությունից, սակայն կատալոնացիներն անձնուրաց պաշտպանվեցին ու հաղթեցին զորեղ մրցակցին։
Այսպիսով, «Էսպանլոյը» 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Ռեալ Մադրիդի» նկատմամբ, վաստակեց 9 միավոր և բարձրացավ 12-րդ հորիզոնական։
«Ռեալը», չնայած Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը, սակայն, վաստակած 17 միավորով, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեիշ-Վիդալ, Էսպանյոլ, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Ռաուլ դե Տոմաս, Ռեալ Մադրիդ, Վիսենտե Մորենո