Ռեալը մեկ խաղակես հիանալի ֆուտբոլ խաղաց, որը բավարար եղավ?

Ռեալը մեկ խաղակես հիանալի ֆուտբոլ խաղաց, որը բավարար եղավ?

14/06/2020 - 23:55

Ավելի քան եռամյսա դադարից հետո վերսկսկված Լա լիգայի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև չեմպիոնության համար պայքարող «Ռեալը»։

«Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Էյբարի» դեմ՝ հաղթելով 3։0 հաշվով։ Հիշեցնենք, որ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում շինարարական աշխատանքներ տեղի ունենալու պատճառով «արքայական» ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը հանդիպումներն անցկացնելու է երիտասարդական ակումբի մարզադաշտում։

Զինեդին Զիդանի սաները հիանալի սկսեցին խաղը։ Արդեն 4-րդ րոպեին ձախ եզրում զարգացող գրոհից հետո գնդակը հայտնվեց Տոնի Կրոսի մոտ, ով էլ մեկ հպումով շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։

Ընդհանրապես, «արքայական» ակումբը բավականին որակյալ առաջին խաղակես անցկացրեց՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր, որոնց արդյունքում ևս երկու անգամ գրավեցին Մարկո Դիմիտրովիչի պաշտպանած դարպասը։

30-րդ րոպեին հյուրերը գրոհ էին իրականացնում, ինչի արդյունքում կորցրին գնդակը, իսկ «Ռեալը» նետվեց կտրուկ հակագրոհի, որն ավարտվեց Սերխիո Ռամոսի գոլով։ Ռամոսին գոլային փոխանցում կատարեց վնասվածքից ապաքինված Էդեն Ազարը։

37-րդ րոպեին հաշիվը դարձավ ավելի խոշոր։ Էդեն Ազարը աջ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, հարվածեց, սակայն դարպասապահը փրկեց իր թիմին, ինչից հետո գնդակը հայտնվեց Մարսելոյի մոտ, ով էլ հեռահար հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը՝ հաշիվը դարձնելով 3։0։

Որակյալ առաջին խաղակեսից հետո «Ռեալը» երկրորդ խաղակեսում նախաձեռնությունը զիջեց մրցակցին։ Տպավորություն էր, թե «արքայական» ակումբն առաջին խաղակեսում այնքան էներգիա ծախսեց, ինչը խաղային առումով զգացնել տվեց երկրորդ խաղակեսում։ Ի վերջո՝ երեք ամիս ֆուտբոլից զրկված լինելուց հետո դժվար է անընդհատ նույն տեմպով 90 րոպե խաղալ։

«Էյբարը» երկրորդ խաղակեսում մի շարք իրական գոլային պահեր ստեղծեց, սակայն ամեն անգամ Տիբո Կուրտուան փրկում էր «Ռեալին», իսկ դրվագներից մեկում էլ «արքայական» ակումբին փրկեց դարպասաձողը։ Այդքան գոլային պահերից հյուրերն օգտագործեցին միայն մեկը, որը գրանցվեց 60-րդ րոպեին, իսկ աչքի ընկավ Պեդրո Բիգասը։

Այսպիսով, «Ռեալը» հաղթեց 3։1 հաշվով՝ վաստակելով 59 միավոր։ «Արքայական» ակումբը շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով երկու միավոր։ «Էյբարը» 27 միավորով 16-րդն է։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023