Պորտուն անակնկալ է մատուցում․ Յուվեն լուրջ խնդիր ունի լուծելու պատասխան խաղում🎥
Շարունակվում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Յուվենտուսին»։
Կարելի է ասել, որ խաղը սկսվեց 1։0 հաշվով, քանի որ, պորտուգալական ակումբի ֆուտբոլիստները իրանցի կիսապաշտպան Մեհդի Տարեմիի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Գոլային դրվագում իր մեղավորությունն ուներ հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը, ով, փորձելով գնդակը վերադարձնել դարպասապահ Վոյցեխ Շյեսնիին, սխալվեց փոխանցում կատարելիս, որի հետևանքը եղավ Թարեմիի գոլը։
Ասել, որ ընդունած գոլից հետո Անդրեա Պիռլոյի սաները նետվեցին առաջ՝ կորցրածը հետ բերելու, այնքան էլ ճիշտ չի լինի։ Հյուրերն ունեին տարածքային զգալի առավելություն, սակայն վտանգավոր հարվածների քանակով առաջին խաղակեսում հավասարություն էր տիրում․ կողմերը փոխանակվեցին 4-ական հարվածներով։
Ինչևէ, առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին․ կողմերը գնացին ընդմիջման տանտերերի՝ նվազագույն հաշվով հաղթանակի պայմաններում։
Արագ գոլի տեսանկյունից երկրորդ խաղակեսը, կարծես թե, առաջինի կրկնությունը լիներ, քանի որ պորտուգալական ակումբի տղաները 46-րդ րոպեին արդեն հաղթում էին 2։0 հաշվով։ Գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ հարձակվող Մուսա Մարեգան։
«Բիանկոներիները» չէին կարող համակերպվել նման հաշվի հետ և սկսեցին աստիճանաբար մեծացնել ճնշումը մրցակցի նկատմամբ։
Բավական երկար ժամանակ «Պորտուն» հաջողությամբ պաշտպանվում էր և երբեմն նույնիսկ հակագրոհում, սակայն «ծեր սինյորայի» բարձր կարգը, ի վերջո, տվեց իր արդյունքը։ 82-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Կիեզան՝ կրճատելով հաշվի տարբերությունը։
Ոգևորված գոլով՝ թուրինյան ակումբի տղաները շարունակեցին ճնշումները՝ նպատակ ունենալով ոչ-ոքի կորզել այս խաղում, որպեսզի պատասխան հանդիպմանն ավելի վստահ մոտենան, սակայն հաշվի մեջ այլևս փոփոխություններ չեղան։
Խաղն ավարտվեց «Պորտուի» հաղթանակով 2։1 հաշվով։
Տեղեկացնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրիեն Ռաբիո, Անդրեա Պիռլո, Կրիշտիանու-Ռոնալդու, Մեհդի Տարեմի, Մուսա Մարեգա, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Ֆեդերիկո Կիեզա