11-մետրանոցների տեղատարափ! Պորտուգալիան ու Ֆրանսիան ներկայացում էին պատրաստել🎥

11-մետրանոցների տեղատարափ! Պորտուգալիան ու Ֆրանսիան ներկայացում էին պատրաստել🎥

24/06/2021 - 01:06

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը F խմբում Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։

Հանդիպումը, կարելի է ասել, մեկնարկեց հավասար պայքարում, սակայն Ֆրանսիայի գրոհներն ավելի վտանգավոր էին։

16-րդ րոպեին աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Կիլիան Մբապեն, սակայն նրա հարվածից հետո Ռուի Պատրիսիուն փրկեց պորտուգալացիներին։

Այդ դրվագից հետո Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները քիչ-քիչ հավսարեցրին խաղը և 30-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն` բացելով խաղի հաշիվը։

Թվում էր` կողմերն ընդմիջման կգնան պորտուգալացիների նվազագույն առավելությամբ, սակայն 45+2-րդ րոպեին Նելսոն Սեմեդուն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կիլիան Մբապեի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Անտոնիո Մատեու Լաոսը 11-մետրանոց նշանակեց արդեն Ֆրանսիայի օգտին, որն էլ հստակ իրացրեց Կարիմ Բենզեման։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 47-րդ րոպեին Կարիմ Բենզեման արդեն Ֆրանսիայի հավաքականին առաջ մղեց` դառնալով դուբլի հեղինակ։

«Եռագույնների» ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 60-րդ րոպեին Ժյուլ Կունդեն սեփական տուգանային հրապակում ձեռքով խաղաց, ինչից Մատեու Լաոսը հերթական 11-մետրանոցը նշանակեց, որը կրկին անվրեպ իրացրեց Ռոնալդուն, իսկ հաշիվը դարձավ 2:2:

68-րդ րոպեին Դիդիե Դեշամի սաները ֆանտաստիկ գոլային պահ ունեին. Պոլ Պոգբայի հեռահար հարվածից հետո Ռուի Պատրիսիուն դարպասաձողի օգնությամբ փրկեց իր թիմին, իսկ վրա հասած Անտուան Գրիզմանի հարվածից հետո էլ պորտուգալացիների դարպասպահը կրկին փրկեց իր թիմին։

Խաղավարտն անցավ համեմատաբար հանգիստ պայքարում, իսկ խաղն ավարվեց 2:2 հաշվով։

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը F խմբում վաստակեց 5 միավոր և առաջին տեղով դուրս եկավ Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ։

Պորտուգալիան էլ վաստակեց 3 միավոր, զբաղեցրեց 3-րդ տեղը և նույնպես նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023