Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ալաշկերտ

Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ալաշկերտ

03/03/2019 - 19:44

Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Ալաշկերտը» ևս մեկ նշանակալի ձեռքբերում է կատարել:

Գործող չեմպիոնը տեղեկացնում է, որ թիմի կազմը համալրել է Չիլիի երիտասարդական և ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասևեդոն:

Փորձառու ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում, հանդիսացել է թիմի ավագը և առաջատարներից մեկը: Ռուսական ակումբում անցկացրած 124 խաղերում Ասևեդոն դարձել է 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ` բազմիցս տպավորիչ հարվածներով գրավելով Պրեմիեր լիգայի թոփ-ակումբների դարպասը:

«Ուրալում» Ասևեդոն խաղացել է ալաշկերտցիներ Էդգար Մանուչարյանի, Դենիս Թումասյանի, ինչպես նաև` Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ:

Ջերսոն Ասևեդոն հանդես է եկել նաև Սարանսկի «Մորդովիայում», ղազախական «Կայրաթում» և չիլիական «Դեպորտեսում»:

Նախորդ մրցաշրջանը չիլիացի խաղարկողն անցկացրել է Լիտվայի չեմպիոն «Սուդուվայում»`10 գոլով դառնալով թիմի լավագույն ռմբարկուն: Նախորդ տարի «Սուդուվայի» կազմում հասել է մինչև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, որտեղ լիտվական ակումբը հանդիպել է «Ալաշկերտի» նախորդ տարվա մրցակիցներից շոտլանդական «Սելթիկին»:

Այսօր Ասևեդոն իր առաջին մարզումն անցկացրեց «Ալաշկերտի» կազմում, որից հետո կիսվեց իր առաջին տպավորություններով.

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ալաշկերտին»: Ամեն ինչ լավ է: «Ալաշկերտում» խաղում են իմ նախկին խաղընկերներից Էդգար Մանուչարյանը և Դենիս Թումասյանը, որոնց ես շատ լավ ճանաչում եմ: Անցկացրեցի առաջին մարզումս: Մինչ այստեղ տեղափոխվելը մարզվում էի Չիլիում:

Կիմ Առաքելյանը բանակցեց իմ գործակալի հետ և կողմերը համաձայնեցրեցին իմ տեղափոխությունը: Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու եվրոպական ակումբային մրցաշարերում հաջողությամբ հանդես գալն է: Ամեն ինչ կանեմ` նոր թիմիս օգնելու համար:

Այո, իմ նախկին թիմերում արդյունավետությամբ եմ աչքի ընկել: Կձգտեմ ռմբարկուական հատկանիշներս ցուցադրել նաև Հայաստանում: Բայց կարևորը թիմային հաջողությունն է»,- նշեց «Ալաշկերտի» նորեկը:

«Ալաշկերտը» նաև տեսանյութ է պատրաստել նորեկի համար.

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023