Շեֆիլդն ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը🎥

Շեֆիլդն ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը🎥

13/01/2021 - 00:16

Հունվարի 12-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրը, որի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին առաջնության ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդը» և 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Նյուքասլը»։

Հանդիպման հենց մեկնարկից «Շեֆիլդի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և առաջին խաղակեսում կարող էին մի քանի անգամ գրավել «կաչաղակների» դարպասը, սակայն տանտերերի կատարողական վարպետությունն իրեն զգացնել տվեց՝ վրիպելով նպաստավոր դիրքերից։

Կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում, սակայն նախքան ընդմիջումը «Նյուքասլը» 45-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերը։

Երկրորդ կեսում ակնհայտորեն զգացնել տվեց, որ Սթիվ Բրյուսի սաները մեկ ֆուտբոլիստ պակաս ունեն դաշտում, ինչի հետևանքով «Շեֆիլդն» ուներ տարածքային տեսանելի առավելություն։ Այդ առավելությունն էլ քիչ-քիչ վերածվեց խփած գնդակի․ 72-րդ րոպեին տանտերերը վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք, որը հստակ իրացրեց Բիլի Շարպը։

Խփած գոլից հետո «Շեֆիլդի» ֆուտբոլիստները հանդիպումը մոտեցրին հաղթական ավարտին։

Այսպիսով, Քրիս Ուայլդերի սաները հաղթեցին 1։0 հաշվով՝ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում տանելով առաջին հաղթանակը։ Ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում վերջին անգամ հաղթանակ տարել էր նախորդ մրցաշրջանի 35-րդ տուրում, երբ 2020 թվականի հուլիսի 11-ին սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ։ Մինչ այս պահը 21 հանդիպում անընդմեջ «Շեֆիլդին» չէր հաջողվում ներքին առաջնության շրջանակում տանել որևէ հաղթանակ՝ կրելով 18 պարտություն։ Այս հաղթանակից հետո «Շեֆիլդը» վաստակեց 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ հորիզոնականը, իսկ «Նյուքասլը» 19 միավորով 15-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023