Թրիլլեր Սեյնթ Ջեյմս Պարկում․ Նյուքասլը սրեց ՉԼ ուղեգրերի համար մղվող պայքարը🎥

Թրիլլեր Սեյնթ Ջեյմս Պարկում․ Նյուքասլը սրեց ՉԼ ուղեգրերի համար մղվող պայքարը🎥

17/04/2021 - 18:10

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկել է 32-րդ տուրը, որի շրջանակում հետնապահների թվում ընթացող «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Վեսթ Հեմի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսի մեծ մասն անցավ տանտերերի առավելությամբ, ովքեր էլ 36-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ «Վեսթ Հեմի» պաշտպան Քրեյգ Դոուսոնը չկարողացավ դաշտի կենտրոնում կասեցնել Իսա Դիոպի կատարած փոխանցումը և ստիպված էր կանոնների խախտում թույլ տալ Ժոլեինտոնի նկատմամբ, սակայն, քանի որ գնդակը մնաց «Նյուքասլի» ֆուտբոլիստների մոտ, գլխավոր մրցավար Կևին Ֆրենդը թույլ տվեց շարունակվի խաղը, ինչի արդյունքում Ալեն Սեն-Մաքսեմենը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածեց, իսկ Դիոպը փորձեց հեռացնել գնդակը, սակայն այն պատահմամբ ուղարկեց սեփական դարպասը։

Գոլն արձանագրվելուց հետո էլ Կևին Ֆրենդը Քրեյգ Դոուսոնին վերոնշյալ կանոնների խախտման համար երկրորդ դեղին քարտը ցույց տվեց՝ հեռացնելով նրան դաշտից։

Առաջին կեսում լոնդոնյան ակումբի անհաջողություններն այդքանով չսահմանափակվեցին, քանի որ 41-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ արդեն Ժոելինտոնը։ Հատակնշական է, որ բաց թողած գոլում մեղքի հսկայական բաժին ուներ Լուկաշ Ֆաբիանսին, քանի որ Մեթ Ռիչիի փոխանցումից հետո լեհ դարպասապահը չկարողացավ ֆիքսել գնդակը և բաց թողեց ձեռքերի մեջից, իսկ հաշիվը դարձավ արդեն 2։0։

Կողմերն ընդմիջման գնացին հենց այդ հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում «մրճահարները» կերպարանափոխվել էին։ «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստները վտանգավոր գրոհները մեկը մյուսի հետևից էին անցկացնում։ Խաղակեսի սկզբնամասում աչքի ընկնելուն մոտ էին Ջարոդ Բոուենն ու Վլադիմիր Ցոուֆալը, սակայն երկու դեպքում էլ հիանալի գործեց տանտերերի դարպասապահ Մարտին Դուբրավկան։

Ակնհայտ էր, որ գոլը հասունանում է, և Դևիդ Մոյեսի սաները 73-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը․ անկյունայինի խաղարկումից հետո «Վեսթ Հեմի» գրոհը երկրորդ տեմպ ստացավ, ինչից հետո Բոուենի կատարած հիանալի փոխանցումից հետո Իսա Դիոպը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասն՝ ուղղելով իր սխալը։

80-րդ րոպեին լուսատախտակին վառվեց արդեն 2։2 հաշիվը․ «Նյուքասլի» կենտրոնական պաշտպան Կիրան Քլարկը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ջեսի Լինգարդը։

Թվում էր՝ «կաչաղակները» թևաթափ կլինեն բաց թողած երկրորդ գոլից հետո, սակայն արդեն 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ջո Վիլոքը գլխի դիպուկ հարվածով դրեց այս հանդիպման վերջակետը՝ 3։2։

Այսպիսով, Սթիվ Բրյուսի թիմը դրամատիկ պայքարում հաղթեց «Վեսթ Հեմին», վաստակեց 35 միավոր՝ բարձրանալով 15-րդ հորիզոնական։

«Վեսթ Հեմն» էլ մնաց 55 միավորով և շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը, սակայն «Չելսին» ու «Լիվերպուլն» ընթացիկ տուրում դեռևս չեն անցկացրել իրենց հանդիպումները և համապատասխանաբար «Բրայթոնին» ու «Լիդսին» հաղթելու դեպքում էլ ավելի կսրեն Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար մղվող պայքարը։

Հավելենք, որ «Չելսին» ու «Լիվերը» ունեն համապատասխանաբար 54 և 52 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023