Նյուքասլը թիրախավորել է Մանչեսթեր Յունայթեդի երկու ֆուտբոլիստների
«Նյուքասլը» նոր սեփականատեր ունենալուց հետո կարծես թե պատրաստվում է բավական ակտիվ լինել առաջիկա տրանսֆերային պատուհանների ժամանակ։
Հայտնի է դարձել, որ ակումբը, ֆինանսական fair-play-ի սահմաններում, կարող է ծախսել 223 մլն եվրո, ինչը նրանց որոշակի ազատություն կտա հաջորդ տրանսֆերային պատուհանների ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է The Northern Echo-ն, «կաչաղակները» հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստների` Էրիկ Բայիի ու Ջեսի Լինգարդի ծառայություններով։
Լինգարդը 2021 թ. ձմռանը հրաժարվեց վարձավճարով տեղափոխվել «Նյուքասլ»։ Այդ ժամանակ նա նախապատվությունը տվեց «Վեսթ Հեմին» ու կես տարվա ընթացքում շատ հաջող մրցելույթներով աչքի ընկավ լոնդոնյան ակումբի կազմում, սակայն, վերադառնալով «կարմիր սատանաների» ճամբար, կրկին սկսեց քիչ խաղային ժամանակ ստանալ։
Հենց այդ փաստից էլ փորձում են օգտվել «Նյուքասլի» նոր ղեկավարները` հաշվի առնելով նաև այն, որ Լինգարդը ցանկանում է բավարար խաղային պրակտիկա ունենալ, որպեսզի 2022 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարողանա Անգլիայի հավաքականի կազմում մանսակցել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Ինչ վերաբերում է Էրիկ Բայիին, ապա իվուարցի կենտրոնական պաշտպանը Ռաֆայել Վարանի` «Յունայթեդ» տեղափոխությունից հետո ընդհանրապես խաղադաշտ դուրս չի գալիս։
Սպասվում է, որ «Նյուքասլը» 2022 թ. հունվարին բացվելիք տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի գնել 27-ամյա պաշտպանին։
Պաշտպանության ամրապնդման թեկնածուների թվում է նաև «Բյորնլիի» 28-ամյա ֆուտբոլիստ Ջեյմս Տարկովսկին։
Հայտնի է, որ «կաչաղակները» հետաքրքրված են նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի ծառայություններով։
Հիշեցնենք` օրեր առաջ հայտնի դարձավ, որ կոնսորցիումը, որը ներառում է նաև Սուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամը, 360 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց «Նյուքասլը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անգլիայի հավաքական, Բարսելոնա, Բյորնլի, Էրիկ Բայի, Մանչեսթեր-Յունայթեդ, Նյուքասլ, Ջեյմս Տարկովսկի, Ջեյսի Լինգարդ, տրանսֆերներ, Քաթար-2022, Ֆիլիպե Կոուտինիո