Նապոլին հիանալի խաղով հաղթեց Լացիոյին` դառնալով Ա սերիայի առաջատար🎥
Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Լացիոյի» դեմ։
Կարելի է ասել` «արծիվները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությումաբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Մատիա Ձականին առաջ մղեց «Լացիոյին»։
Այդուհանդերձ, հանդիպման մնացած ժամանակահատվածում նեապոլիտանական ակումբն ուներ շատ ավելի լավ տեսք` 2:1 հաշվով տանելով կամային հաղթանակ։
Լուչիանո Սպալետիի թիմին հաղթանակ պարգևեցին նորեկներ Կիմ Մին Չժեի և Խվիչա Կվարացխելիայի խփած գոլերը։
Նշենք, որ վրացի վինգերն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 5 խաղում խփել է արդեն 4 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսի ու «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի հետ կիսում է 1-3-րդ հորիզոնականները։
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 11 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
Նույնքան միավոր ունի նաև «Միլանը», սակայն «ռոսոներիները» լրացուցիչ ցուցանիշներով 2-րդն են։
Մաուրիցիո Սարիի թիմն էլ ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը, մնաց 8 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լացիո, Լուչիանո-Սպալետի, Խվիչա Կվարացխելիա, Մաուրիցիո Սարի, Մատիա Ձականի, Նապոլի