Պաշտոնական․ Յուլիան Նագելսմանը կգլխավորի Բավարիան
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է դառնալու Յուլիան Նագելսմանը , ով ներկայումս մարզում է «Լայպցիգը»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա մասնագետը մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ կդառնա 2021 թվականի հուլիսի 1-ից, իսկ կողմերի միջև կկնքվի 5 տարվա պայմանագիր։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նագելսմանը «Բավարիայում» տարեկան վաստակելու է 8 մլն եվրո, իսկ մյունխենյան ակումբը, որպես փոխհատուցում, «ցլերին» վճարելու է 25 մլն եվրո, ինչը ռեկորդային գումար է Բունդեսլիգան ներկայացնող ակումբների համար։
Նագելսմանի հեռանալու լուրը հաստատել է նաև «Լայպցիգի» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ երիտասարդ մասնագետը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Հանս-Դիտեր Ֆլիկին, ում հետ մյունխենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կխզի պայմանագիրը։ Այդ մասին «Բավարիայի» պաշտոնական կայքը նույնպես հաստատել է այդ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Յուլիան Նագելսմանը 2019 թվականից մարզում է «Լայպցիգը», ում գլխավորությամբ ակումբը մինչ այս պահն անցկացրել է 90 հանդիպում, տոնել է 53 հաղթանակ, 21 հանդիպում ավարտել ոչ-ոքի, 16 խաղ էլ պատրվել է։
Նագելսմանը 2011-13 թթ․ մարզել է նաև «Հոֆֆենհայմի» Մ-17 տարեկանների, 2013-16 թթ․՝ Մ-19 տարեկանների թիմերը, իսկ 2016-19 թթ․ ՝ «գյուղացիների» գլխավոր թիմը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Լայպցիգ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Հոֆֆենհայմ, Յուլիան Նագելսման