Մունդիալի խմբային փուլից դուրս մնալու վտանգը. ի՞նչ պատահեց Արգենտինային և Գերմանիային

Մունդիալի խմբային փուլից դուրս մնալու վտանգը. ի՞նչ պատահեց Արգենտինային և Գերմանիային

26/11/2022 - 13:22

2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի հավաքականները անակնկալ պարտություն կրեցին և չափազանց դժվարեցրին փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարը։ Անգամ մեկ միավորի կորուստը կարող է վերջնականապես զրկել նրանց փլեյ-օֆֆ դուրս գալուց։ Բայց սա դեռ չի նշանակում, որ նրանք անելանելի վիճակում են և խաղային բազում խնդիրներ ունեն։

Արգենտինա 1-2 Սաուդյան Արաբիա

Լիոնել Մեսսին և խաղընկերները եկել են Կատար` միայն հաղթելու համար։ Առաջին խաղում, երբ հաղթանակը գրեթե ապահովված էր մինչ մրցաշարի սկիզբը, Արգենտինան պարտվեց, պարտվեց այն ժամանակ, երբ հաղթում էր մրցակցին։

Լիոնել Մեսսին 11 մետրանոցից գոլ հեղինակեց, ու Արգենտինան առաջին կեսում կարող էր և նույնիսկ պետք է կրկնապատկեր կամ եռապատկեր։ Այո՛, նրանք արեցին դա, բայց, ցավոք, գոլերը խաղից դուրս իրավիճակից էին։ Արգենտինան երկրորդ խաղակեսում գեթ մեկ 100% վտանգավոր պահ այդպես էլ չկարողացավ ստեղծել։ Թիմը պատրաստ չէր գնդակ ընդունելուն, թիմը 36 խաղ անընդմեջ հաղթական շարք ուներ և վստահ էր, որ այս խաղում այդ շարքը կերկարի։

Լիոնել Սկալոնիի թիմը երկրորդ կեսի մեկնարկում գոլ ընդունեց, շոկի մեջ հայտնվեց թիմը և երկրորդն ընդունեց, ինչը կոտրեց արգենտինացիներին, և մեծացրեց Սաուդյան Արաբիայի արդեն հաղթական հոգեբանությունը։ Փոփոխությունները արդյունք չտվեցին, Լիոնել Մեսսին չկարողացավ իր կարգը թելադրել մրցակցին։ Այս հաղթանակը Սաուդյան Արաբիայում դարձավ տոն։ Հաղթանակի հաջորդ օրը երկրում նշում էին և հպարտանում, քանի որ հաղթել էին Աշխարհի կրկնակի չեմպիոններին` արգենտինացիներին։ Սակայն, խփված գոլերը պետք է քննության առնվի. սկսենք առաջին գոլի դրվագից։

Առաջին գոլի դրվագը սկսվեց Լիոնել Մեսսիի՝ դաշտի կենտրոնում գնդակը կորցնելուց։ Մեսսին կորցրեց գնդակը, Աբդուլելահ Ալ-Մալկին կենտրոնից գնդակը բարձրից շատ արագ ուղարկեց խաղընկերներին, որտեղից էլ ծնվեց գոլը։

Ֆիլաս Ալ-Բուրայկան բարձրից եկող փոխանցումը չկարողացավ ճիշտ մշակել, թվում էր, թե արգենտինացի պաշտպանները կխլեն, բայց նրանք էլ շփոթվեցին և չգնացին գնդակի ուղղությամբ։ Հատկանշական է այն, որ այս դրվագում երկուսը երկուսի դիմաց են։

Քանի որ արգենտինացիները չգնացին գնդակի ուղղությամբ, Ալ-Բուրայկան չկորցրեց պահը և սրող փոխանցում կատարեց Սալեհ Ալ-Շեհրին, ով, նախ, արագությամբ շրջանցեց Քրիստիան Ռոմերոյին, այնուհետև ոչ ուժեղ, բայց դիպուկ հարվածով գրավեց Արգենտինայի դարպասը։

Գերմանիա 1-2 Ճապոնիա

Գերմանական մեքենան այս տարի մեծ մոտիվացիայով է եկել Կատար։ Նրանք 2018 թվականի ԱԱ-ն ձախողեցին` խմբային փուլից դուրս մնալով։ Հանսի Ֆլիկը Գերմանիայի մարզիչ դարձավ ԱԱ ընտրական փուլում` փոխարինելով Յոախիմ Լյովին։ Ֆլիկի խաղը «Բավարիայում» ակնահաճո էր։ Բարձր պրեսինգ, կայծակնային գրոհներ, ամուր թիկունք, ու գրեթե բոլոր խաղերում գոլային հրավառություն։

Գերմանիան հենց այսպիսի կրակոտ մարզիչ էր փնտրում ու գտավ իր շարքերում։ Ֆլիկը Գերմանիային բերել էր Կատար՝ ղեկը ստանձնելուց հետո առանց պարտության։ Անպարտելի Գերմանիան, Ֆլիկի գլխավորությամբ, Կատար 2022 գլխավոր ֆավորիտն էր։ Անդրանիկ խաղում մրցեցին Ճապոնիայի դեմ։ Առաջին խաղակեսում Ֆլիկի թիմը այնքան մեծ թե՛ տարածքային, թե՛ խաղային առավելություն ուներ, որ հաղթանակը կասկած չէր հարուցում։

Բազում գոլային պահեր առաջին խաղակեսում, բայց խփված ընդամենը 1 գոլ, այն էլ` 11 մետրանոցից` Իլկայ Գյունդոգանի հարվածով։ Առաջին խաղակեսից հետո ճապոնական մեքենան սկսեց ճնշել։ Նրանց «մեքենան» վազանց կատարեց գերմանական «մեքենային»` նախ, հաշվի մեջ առաջ անցնելով, հետո խփելով երկրորդ`հաղթական գոլը։

Ճապոնիայի հավաքականի մարզչի` Հաջիմե Մորիյասուի փոփոխությունները իրենց երկար սպասեցնել չտվեցին։ Դաշտ դուրս մտած երկու ֆուտբոլիստները` Տակումո Ասանոն և Ռիցու Դոան հաղթանակ պարգևեցին Ճապոնիային, այն էլ ինչ հաղթանակ` Գերմանիայի դեմ խաղում 1-0 հաշվով պարտվելիս։

Ինչպես Արգենտինան, Գերմանիան նույնպես, պետք է հաղթի մյուս երկու խաղերում` հաջորդ փուլ դուրս գալու համար, այլ տարբերակների դեպքում մրցակիցների արդյունքների վրա պետք է հույս դնել, ինչը ապահով չէ։ Բայց պետք չէ շտապել և Գերմանիային պայքարից դուրս թողնել․ ինչևէ, արժե հասկանալ գոլերի «սկզբաղբյուրները»:

Առաջին գոլի դրվագում Գերմանիայի հավաքականի միանգամից 3 ֆուտբոլիստ գնում են ճապոնացի ֆուտբոլիստի ուղղությամբ և աչքաթող անում թիկունքից միացող մեկ այլ ֆուտբոլիստի։ Կտրող փոխանցում տուգանային հրապարակ, և Գերմանիայի 3 ֆուտբոլիստ կտրվում է խաղից։

Շատ ավելի խայտառակ իրավիճակ է փոխանցումից հետո դրվագը։ Պետք է նշել հետևյալը․ ճապոնացի ֆուտբոլիստները խաղային այս դրվագում քանակական առավելություն ունեն՝ 4-ը՝ 3-ի դիմաց։ Մինչ փոխանցում կատարելը Ռիցու Դոան արագանում է 11 մետրանոցի նշանակետի մոտ, և նրանց ոչ մեկը չի վերահսկում։

Երկրորդ գոլի դրվագում ճապոնացիները հեռահար փոխանցում կատարեցին։ Իտակուրայի փոխանցումը ճշգրիտ եղավ․ գնդակը հասավ Տակումո Ասանոյին։ Նկատում ենք, որ հարձակման ձախ եզրում դատարկ տարածություն են թողել գերմանացիները, և եթե Ասանոն որոշեր փոխանցում կատարել մինչ տուգանային հրապարակ մտնելը, ապա ևս կարող էր գոլային ավարտով ավարտվել։ Տեսնում ենք, որ Շլոտերբեկը տարածություն էր թողել Ասանոյին, ուժային պայքարով ևս Շլոտերբեկը զիջեց, ճապոնացին մտավ տուգանային հրապարակ ու գնդակը խոցեց Նոյերի պաշտպանած դարպասը։

Արգենտինան ու Գերմանիան, գուցե, ամենամեծ անակնկալը մատուցեցին այս Աշխարհի առաջնությունում, բայց, միգուցե, հենց այս պարտություննե՞րը կլինեն մեծ հաղթանակի սկիզբը։

Սամվել Մխիթարյան

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023