Միլանը վերադառնում է ՉԼ!!!  Նապոլին սայթաքեց ամենակարևոր պահին՝ խոշոր նվեր մատուցելով Յուվեին🎥

Միլանը վերադառնում է ՉԼ!!! Նապոլին սայթաքեց ամենակարևոր պահին՝ խոշոր նվեր մատուցելով Յուվեին🎥

24/05/2021 - 00:52

Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան 6 հանդիպումներ, որոնցից մեզ հետաքրքրում էր Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող ակումների խաղերը։

Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ ՉԼ ուղեգրի համար պայքարող «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց այդ ուղեգիրն արդեն նվաճած «Ատալանտայի» դեմ։

Հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում՝ գրեթե առանց գոլային պահերի։ Թվում էր՝ կողմերն ընդմիջման են գնալու 0։0 հաշվի պայմաններում, սակայն 41-րդ րոպեին Թեո Էրնանդեսը «ռոսոներիների» համար 11-մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսիեն՝ առաջ մելով «Միլանին»։

Երկորդ խաղակեսում Ջանպիերո Գասպերինիի սաներն ունեին ակնհայտ առավելություն, իսկ հյուրերը հիմնականում մտածում էին պաշտպանվելու մասին․ «Ատալանտայի» կազմից միայն Լուիս Մուրիելն աչքի ընկնելու 2-3 լավ պահ ուներ, սակայն կոլումբացի հարձակվողն ամեն անգամ վրիպում էր նպաստավոր դիրքից։

«Միլանն» էլ 69-րդ րոպեին կարող էր կրկնապատկել իր առավելությունը․ Ռաֆայել Լեաոն դուրս էր եկել հարվածային դիրք, սակայն պորտուգալացու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Խաղավարտին մոտ՝ 90+2-րդ րոպեին, Ստեֆանո Պիոլիի սաները ևս մեկ 11-մետրանոց վաստակեցին, որը կրկին անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսիեն՝ դնելով այս հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «Միլանը» դրամատիկ պայքարում 2։0 հաշվով հաղթեց «Ատալանտային», վաստակեց 79 միավոր, շրջանցեց վերջինիս և առաջնությունն ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ 2014 թ․ ի վեր առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

«Ատալանտան» մնաց 78 միավորով և հաջորդ մրցաշրջանում նույնպես հանդես կգա ՉԼ-ում։

«Յուվենտուսը», որը վերջին տուրից առաջ նույնիսկ դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի գոտուց, վերջին տուրում հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Թուրինյան ակումբը պարզապես գերմոտիվացված տեսք ուներ և ընդմիջման գնաց 3 գնդակի առավելությամբ․ մեկական անգամ աչքի ընկան Ֆեդերիկո Կիեզան, Պաուլու Դիբալան և Ադրիեն Ռաբիոն։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 47-րդ րոպեին, թուրինյան ակումբը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը․ իր անվան դիմաց դուբլ գրանցեց Ալվարո Մորատան։

Ակնհայտ էր, որ Անդրեա Պիռլոյի թիմն արել է իր գործը՝ հանելով այս հանդիպման հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները, սակայն «Յուվենտուսի»՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը կախված էր միայն «Նապոլիի» ու «Միլանի» հանդիպումների արդյունքից։

Հանդիպման վերջնամասում «Բոլոնիայի» ֆուտբոլիստները 86-րդ րոպեին Ռիկարդո Օրսոլինիի ջանքերով միայն «թրջեցին» խաղի հաշիվը։

Ինչպես պարզվեց հետագայում, Օրսոլինիի գոլը վերջինն էր այս խաղում, իսկ «Յուվեն» հաղթեց 4։1 հաշվով։

Ինչ վերաբերում է Ջենարո Գատուզոյի թիմին, ապա «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։

Առաջին կեսում, ճիշտ է, նեապոլիտանական ակումբի ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն, սակայն վերջիններիս ոչ մի կերպ չէր բավականացնում դիպուկությունը և նախքան ընդմիջման գնալն այդպես էլ գոլեր չտեսանք։

60-րդ րոպեին, ամեն դեպքում, «Նապոլին», կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով, բացեց խաղի հաշիվը․ անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ամիր Ռահմանին։

Թվում էր՝ այդքանից հետո տանտերերը կհանգստացնեն խաղը և այն կմոտեցնեն հաղթական ավարտին, սակայն նրանց ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ Իվան Յուրիչի սաները 69-րդ րոպեին Դավիդե Ֆարաոնիի ջանքերով հավասարեցրին հաշիվը։

Բաց թողած գոլից հետո «Նապոլին» մեծացրեց ճնշումը, ստեղծեց մի շարք վտանգավոր պահեր, սակայն ոչ մի կերպ տանտերերը չկարողացան խփել այդքան ցանկալի հաղթական գնդակը։

Այսպիսով, «Նապոլին» ամենավճռորոշ պահին սայթաքեց՝ չկարողանալով կոտրել «Վերոնայի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվը։

Ջենարո Գատուզոյի թիմը վաստակեց 77 միավոր, որը, սակայն, բավարար չեղավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար, քանի որ «Յուվենտուսը» «Բոլոնիային» հաղթելու շնորհիվ վաստակեց 78 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական։

Նեապոլիտանական ակումբը նահանջեց 5-րդ հորիզոնական և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայի խաղարկությունում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023