Մանչեսթեր Սիթին լուրջ կորուստներով է մոտենում մրցաշրջանի վերջնամասին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։
Հանդիպումից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ ակումբի միանգամից երեք պաշտպանների` Կայել Վոլքերի, Ռուբեն Դիաշի և Ջոն Սթոունզի համար մրցաշրջանն ավարտված է։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, այդ ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով են բաց թողնելու առաջնության վերջնամասը։
Դիաշը վնասվածք է ստացել հենց «Նյուքասլի» դեմ խաղում` փոխարինվելով ընդմիջմանը։
Կայել Վոլքերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդի» դեմ կայացած պատասխան հանդիպմանը (1:3) մասնակցել է վնասվածքով, ինչի հետևանքով խորացրել է այն` փոխարինվելով 72-րդ րոպեին։
Ինչ վերաբերում է Ջոն Սթոունզին, ապա անգլիացի պաշտպանը նույնպես վնասվածք ունի ու մանկունյական ակումբի կազմում վերջին անգամ դաշտ է դուրս եկել ապրիլի 26-ին` մասնակցելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդի» դեմ կայացած տնային հանդիպման (4:3) առաջին 35 րոպեներին, ինչից հետո փոխարինվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կայել Վոլքեր, Մանչեսթեր-Սիթի, Նյուքասլ, Ջոն Սթոունզ, Ռուբեն Դիաշ