Յունայթեդը կրկնել է ակումբի` 109 տարվա վաղեմության ռեկորդը
Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, մանկունյական ակումբն Անգլիայի գավաթի շրջանակում անցկացրած վերջին 9 խաղերում էլ հաղթել է՝ կրկնելով ակումբի 109 տարվա վաղեմության ռեկորդը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» 1908-1912 թթ․ Անգլիայի գավաթի շրջանակում նույնպես տարել են 9 անընդմեջ տնային հաղթանակ։
Հատկանշական է, որ հենց այդ ընթացքում էլ «Մանչեսթեր Յունայթեդը» 1909 թվականին առաջին անգամ նվաճել է բաղձալի գավաթը, իսկ ընդհանուր առմամբ «Յունայթեդը» գավաթին տիրացել է 12 անգամ, ինչը մրցաշարի պատմության շրջանակում երկրորդ ցուցանիշն է։ Բոլորից շատ՝ 14 անգամ գավաթին տիրացել է «Արսենալը»։
Հավելենք, որ Անգլիայի գավաթը խաղարկվում է 1871/72 մրցաշրջանից ի վեր և ներկա պահին համարվում է գործող ամենահին ֆուտբոլային մրցաշարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Արսենալ, Մանչեսթեր-Յունայթեդ, Վեսթ Հեմ