FA Cup. Յունայթեդը մեծ դժվարությամբ կոտրեց Վեսթ Հեմի դիմադրությունը 🎥

FA Cup. Յունայթեդը մեծ դժվարությամբ կոտրեց Վեսթ Հեմի դիմադրությունը 🎥

10/02/2021 - 02:06

Անգլիայի գավաթի՝ Fa Cup-ի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ուժերը չափեց «Վեսթ Հեմի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկային րոպեներից տանտերեը խաղի ղեկը վերցրին իրենց ձեռք՝ մրցակցին գրեթե թողնելով առանց գնդակի։ Բավական է նշել, որ ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում 69% գնդակին տիրում էին «կարմիր սատանաները» և «Վեսթ Հեմի» դարպասի ուղղությամբ կատարեցին 8 հարված՝ մրցակցի 1 հարվածի դիմաց։ Այնուամենայնիվ, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը, կարծես թե, առաջինի կրկնությունը լիներ։ 53-րդ րոպեին նպաստավոր դիրքից չկարողացավ հաշիվը բացել ՄՅՈւ-ի ձախ վինգեր Մարկուս Ռեշֆորդը, որի հարվածից հետո «մրճահարների» դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին որսաց գնդակը։

Օլե-Գունար Սուլշերի սաներն աստիճանաբար գցեցին խաղի տեմպը․ այլևս համարձակ չէին գործում և , կարծես թե, մտովի համակերպվել էին խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու մտքի հետ։

Հիշատակման է արժանի այն հանգամանքը, որ ամբողջ հանդիպման ընթացքում «Վեսթ Հեմի» տղաներն այդպես էլ ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին, սակայն կարողացան սեփական դարպասը պահել անառիկ՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ առաջին խաղակեսում ՄՅՈւ-ի տղաներին վերջապես հաջողվեց անել այն, ինչ չէր հաջողվում անել ամբողջ 90 և ավելի րոպեների ընթացքում։ 98-րդ րոպեին Ռեշֆորդի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացում է տանտերերի շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքտոմինայը՝ առաջ մղելով մանկունյական ակումբին։

Ինչպես պարզվեց հետագայում, այդ գոլը հաղթական էր «Յունայթեդի» համար։

Այսպիսով, «ՄՅՈՒ»-ն հաղթեց 1:0 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023