Հրապարակվել է Մեսսիի` Բարսելոնային ուղարկված բյուրոֆաքսի տեքստը
Կատալոնական Mundo Deportivo պարբերականին հաջողվել է բացահայտել Լեո Մեսսիի` «Բարսելոնայի» ղեկահարությանը 2020 թ. օգոստոսի 24-ին ուղարկվարկված բյուրոֆաքսի տեքստի բովանդակությունը։
«Պայմանագրի 3.1 կետի համաձայն, որը կնքվել է 2017 թ. նոյեմբերի 25-ին, ես պատրաստակամություն եմ հայտնում դադարեցնել գործող աշխատանքային պայմանագիրը 2020 թ. օգոստոսի 30-ին»,- այսպես է սկսվում բյուրոֆաքսի տեքստը։
Արգենտինացի ֆուտբոլիստի` «Բարսելոնայի» հետ կնքված պայմանագրի 3.1 կետում նշվում էր, որ համաձայնագիրն ուժի մեջ է 2017 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2021 թ. հունիսի 30-ը, սակայն այն ուներ նաև կետ, ըստ որի, Մեսսին կարող էր 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո անվճար հեռանալ ակումբից, եթե այդ ցանկության մասին հայտներ մինչև 2020 թ. հունիսի 10-ը։
Ստացվում է, որ Լեո Մեսսին, իրոք, ցանկացել է օգտվել իր պայմանագրում նշված կետից, սակայն 2.5 ամիս ուշացումով` խախտելով պայմանագրում նշված ժամկետը։
«Ես հասկանում եմ, որ, առանց պատճառները նշելու, պայմանագրի միակողմանի խզման իրավունքի ժամկետը պետք է մեկնաբանվի` համաձայն 2019/20 մրցաշրջանում ստեղծված արտառոց իրադարձությունների։ Խոսքը կորոնավիրուսի համաճարակով առաջացած ճգնաժամի մասին է»,- շարունակել է Մեսսին։
Այդ կերպ Մեսսին պնդում էր, որ պայմանագրի` միակողմանի խզման ժամկետը չէր անցել` կապված 2019/20 մրցաշրջանի բացառիկ երկար տևելու հետ։ Այդ մրցաշրջանը «Բարսելոնան» ավարտել է միայն օգոստոսի 14-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կայացած «Բավարիայի» դեմ խաղից հետո (2:8), իսկ ակումբը Կատալոնիա է վերադարձել օգոստոսի 15-ին։
«Ամեն դեպքում, մրցաշրջանի ավարտից 10-օրյա ժամկետում ես իրավունք ունեմ խզել պայմանագիրը` օգտվելով պայմանագրի 3.1 կետից, ինչը բացատրվում է 2019/20 մրցաշրջանի բացառիկ իրադարձություններով և ցանկանում եմ այդ ամենն ավարտին հասցնել մինչև 2020 թ. օգոստոսի 30-ը։
Սիրով` Լեո Մեսսի»,- ավարտել է արգենտինացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ 2020 թ. օգոստոսի 24-ին Լեո Մեսսին «Բարսելոնայի» այն ժամանակվա նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին բյուրոֆաքսի միջոցով տեղեկացրել էր իր` ակումբից հեռանալու ցանկության մասին, սակայն օրեր անց` սեպտեմբերի 4-ին Goal.com-ին տված հարցազրույցի միջոցով արգենտինացի ֆուտբոլիստը հայտարարեց, որ մնում է կատալոնական ակումբում։
Ամեն դեպքում, Լեո Մեսսին, Լա լիգայի կանոնադրության և պայմանագրի գրանցման խնդիրների հետ կապված, 2021 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ ակումբից` տեղափոխվելով ՊՍԺ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, բյուրոֆաքս, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, ՊՍԺ, տրանսֆերներ