Հալանդ. «Զայրացած էի ԱԱ-2022-ը բաց թողնելու պատճառով»
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Լիդսին»։
Հանդիպման հերոս դարձավ Էրլինգ Հալանդը` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։
Խաղից հետո նորվեգացի հարձակվողը կիսվել է իր տպավորություններով.
«Ես գոլերի քանակի նպատակ ունեմ, սակայն չեմ բարձրաձայնի այն։ Ես հանդերձարանում պարզապես ասացի, որ կարող էի նույնիսկ 5 գոլ խփել, սակայն կարևորը հաղթեցինք։ Մենք ստիպված ենք հետապնդել «Արսենալին»։
Ես տանն էի և զայրացած ԱԱ-2022-ը բաց թողնելու պատճառով։ Ես հավելյալ «լիցքավորվում» էի այդ ընթացքում։ Ես դիտում էի, թե ինչպես են այլ ֆուտբոլիստներ գոլեր խփում և հաղթում աշխարհի առաջնությունը, ինչը ոգևորեց, մոտիվացրեց և զայրացրեց ինձ։ Այժմ, առավել քան երբևէ , ես հաղթանակների ծարավ եմ»,- Հալանդի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում 22-ամյա ֆուտբոլիստը խփել է արդեն 20 գոլ` վստահորեն գլխավորելով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի շրջանակում չեմպիոն դարձավ Արգենտինայի հավաքականը` եզրափակիչում 11-մետրանոցներով գերդրամատիկ պայքարում հաղթելով Ֆրանսիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, ԱՊԼ, Արգենտինայի հավաքական, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի