Լեսթերը Լիվերպուլին վերջնականապես դուրս մղեց չեմպիոնական պայքարից 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում չեմպիոնական մրցավազքում գտնվող երկու ակումբներ բախվեցին միմյանց․ «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»։
Առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ Յուրգեն Կլոպի թիմի շոշափելի առավելությամբ, քանի որ գնդակին տիրելու և դեպի դարպասն արված հարվածների քանակով հյուրերն ունեին որոշակի առավելություն, սակայն առաջին 45 րոպեների ընթացքում գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ կեսում ավելի ակտիվ և դիտարժան խաղ ստացվեց։
Հանդիպման 67-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց հյուրերի վինգեր Մոհամեդ Սալահը՝ դարձնլով այն 0։1։
Բրենդան Ռոջերսի սաները նետվեցին կորցրածը հետ բերելու և կարողացան հրաշք գործել` 6 րոպեների ընթացքում 3 գնդակ ուղարկելով «Լիվերպուլի» դարպասը։ Խաղի 79-րդ, 81-րդ և 85-րդ րոպեներին գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Ջեյմս Մեդիսոնը, Ջեյմի Վարդին և Հարվի Բարնսը։
Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին․ «Լեսթերը» 3։1 հաշվով կարողացավ առավելության գերհզոր մրցակցի նկատմամբ։
Այս հաղթանակից հետո «աղվեսները» վաստակեցին 46 միավոր և դուրս եկան «մաքուր» 2-րդ հորիզանական՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 4 միավոր։ Հարկ է նշել, որ «քաղաքաբնակները» երկու հանդիպում էլ պակաս են անցկացրել։
«Լիվերպուլը» մնաց 40 միավորով և այս պահին եզրափակում է լավագույն քառյակը։
# Բրենդան Ռոջերս, Լեսթեր, Լիվերպուլ, Հարվի Բարնս, Պրեմիեր-լիգա, Ջեյմի Վարդի, Ջեյմս Մեդիսոն, Ռոբերտո-Ֆիրմինո