Լա Լիգայի 11 աստղեր, ովքեր հեռացել,  այնուհետև վերադարձել են իրենց նախորդ ակումբ

Լա Լիգայի 11 աստղեր, ովքեր հեռացել, այնուհետև վերադարձել են իրենց նախորդ ակումբ

18/01/2023 - 17:48

Լա լիգայում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ իրենց բախտն են որոնել օտար ամայի ճամփեքին, սակայն, ի վերջո, վերադարձել են հարազատ ակումբ։

Լա լիգայի և Interfootball-ի շրջանակում ներկայացնում ենք 11 ֆուտբոլիստների, ովքեր հեռացել, այնուհետև վերադարձել են այն ակումբը, որտեղից հեռացել էին։

Անտուան Գրիզման

Ֆրանսիացի հարձակվողն «Ատլետիկոյի» կազմում 2014-19 թթ. հանդես գալու տարիների դարձել էր մադրիդյան ակումբի իսկական առաջատարը` խփելով 133 գոլ, ինչի արդյունքում դարձավ «ռոխիբլանկոսի» պատմության հինգերորդ լավագույն ռմբարկուն։

2018/19 մրցաշրջանում Գրիզմանն այնքան փայլուն էր, որ «Բարսելոնան» չխնայեց 120 մլն եվրո` գնելով նրա տրանսֆերային իրավունքները։

Չնայած խփած 35 գոլերին` Գրիազմանը Կատալոնիայի մայրաքաղաքում իրեն այդպես էլ յուրային չզգաց և 2021 թ. ամռանը վերադարձավ «Ատլետիկո»։

Ժերար Պիկե

Ժերար Պիկեն ընդամենը 10 տարեկան էր, երբ համալրեց «Բարսելոնայի» մարզադպրոցը։

Նա, չնայած անցել է Լա մասիայի գրեթե բոլոր տարիքային թիմերով, առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ Լա լիգայի շրջանակում նորամուտը նշել է «Սարագուսայի» կազմում, երբ վարձավճարով հանդես էր գալիս այդ ակումբի կազմում։

Երբ Պեպ Գվարդիոլան 2008/09 մրցաշրջանից առաջ գլխավորեց «Բարսելոնան», բարեփոխումների շրջանակում թիմ վերադարձրեց նաև Պիկեին։

Արդեն նախկին պաշտպանը 14 տարի իսկական կռիվ տվեց ակումբի համար, նվաճեց Լա լիգայի չեմպիոնական 8 տիտղոս, իսկ 2022 թ. նոյեմբերին հայտարարեց կարիերան ավարտելու մասին` խաղակոշիկները կախելով մեխից։

Դանի Կարվախալ

Կարվախալի և Պիկեի դեպքերը բավական նման են։

Իսպանացի պաշտպանը պատանի տարիքում սկսեց հանդես գալ «Ռեալ Մադրիդի» մարզադպրոցում, ինչից հետո 2012 թ. ամռանը տեղափոխվեց «Բայեր Լևերկուզեն», որի կազմում, ճիշտ է, խաղաց ընդամենը մեկ մրցաշրջան, սակայն հասցրեց ապացուցել, որ ունի բոլոր որակները` համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ դառնալու համար։

2013 թ. ամռանն «արքայական» ակումբն օգտվեց Կարվախալի պայմանագրում առկա հետ գնման իրավունքից և վերադարձրեց իր սանին։

Մինչ օրս Կարվախալը դարձել է «Ռեալի» ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկը, որի կազմում անցկացրած 351 խաղում դարձել է 7 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ։

Դիեգո Սիմեոնե

Դիեգո Սիմեոնեն կարիերայի մեծ մասը նվիրել է «Ատլետիկո Մադրիդին»։

«Էլ Չոլոն» «հնդկացիների» շարքերը համալրել է 1994 թ. ամռանը, իսկ 1995/96 մրցաշրջանում առանցքային դեր է խաղացել ակումբի համար և օգնել «Ատլետիկոյին» գրանցել «ոսկե դուբլ»` դառնալով Լա լիգայի չեմպիոն և Իսպանիայի գավաթակիր։

Սիմեոնեն 1996 թ. հեռացավ մադրիդյան ակումբից և մինչև 2003 թ. բավական հաջող հասցրեց հանդես գալ «Ինտերի» (1996-99 թթ.) ու «Լացիոյի» (1999-03 թթ.) կազմում` նվաճելով մի շարք արժեքավոր տիտղոսներ։

2003 թ. նա վերադարձավ «Ատլետիկո» և ևս երկու տարի պաշտպանեց մադրիդյան ակումբի գույները։

2011 թ. դեկտեմբերին, երբ «Ատլետիկոն» համարվում էր միջակ ակումբ և առանձնապես լավ օրեր չէր ապրում, «Էլ չոլոն» երկրորդ անգամ վերադարձավ հարազատ ակումբ` այս անգամ որպես գլխավոր մարզիչ։

Սիմեոնեն մինչ օրս մարզում է ակումբը, իսկ «Ատլետիկոն» այդ պահից ի վեր 8 տիտղոս է նվաճել, այդ թվում` երկու անգամ դառնալով Լա լիգայի չեմպիոն։

Ժերար Մորենո

Մորենոն «Վիլյառեալի» կազմում նորամուտը նշել է ընդամենը 20 տարեկանում, երբ ակումբը հանդես էր գալիս Սեգունդայում։

2012/13 մրցաշրջանի արդյունքներով «դեղին սուզանավը» վերադարձավ Լա լիգա, որի շրջանակում Մորենոն նշեց իր նորամուտը, սակայն 2015 թ. օգոստոսին ընդամենը 1.5 մլն եվրոյի դիմաց նա տեղափոխվեց «Էսպանյոլ»։

Կատալոնական ակումբի կազմում Մորենոն տարեց տարի ավելի արդյունավետ ֆուտբոլ էր ցույց տալիս, ինչն էլ ստիպեց «Վիլյառեալին» 2018 թ. ամռանը վճարել 20 մլն եվրո` վերադարձնելով նրան «դեղին սուզանավի» շարքերը։

2020/21 մրցաշրջանում Ժերար Մորենոն Լա լիգայի շրջանակում խփեց 23 գոլ և լավագույն ռմբարկուբերի պայքարում Կարիմ Բենզեմայի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականը` զիջելով միայն Լիոնել Մեսսին (30 գոլ)։

Զարմանալի չէ, որ Մորենոն Լա լիգայում խփել է արդեն 100+ գոլ. նա, անկասկած, իր ժամանակաշրջանի իսպանացի լավագույն հարձակվողներից մեկն է։

Իվան Ռակիտիչ

Ճիշտ է, Իվան Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում 4 անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն, սակայն խորվաթ ֆուտբոլիստը, միանաշանակ, ավելի շատ նույնականացվում է «Սևիլիայի» հետ։

Ռակիտիչը 2011 թ. հունվարին համալրեց անդալուսական ակումբի շարքերը և շատ կարճ ժամանակահատվածում դարձավ նույնսիկ «Սևիլիայի» ավագը։

2014 թ. նա տեղափոխվեց «Բարսելոնա» և 6 տարի ամենաբարձր մակարդակով հանդես գալուց հետո որոշեց վերադառնալ «Սևիլիա»։

Ասիեր Իլյարամենդին

Ասիեր Իլյարամենդին «Ռեալ Սոսիեդադի» սան է, ով Լա լիգայում իր նորամուտը նշել է դեռևս 2010/11 մրցաշրջանում «Էսպանյոլի» դեմ կայացած խաղում։

Հաջորդ մրցաշրջանում Իլյարան «Ռեալ Սոսիեդադի» կազմում մասնակցեց 28 հանդիպման, ինչից հետո «Ռեալ Մադրիդը» գնահատեց նրա ներուժը` 32 մլն եվրոյի դիմաց գնելով տրանսֆերային իրավունքները։

Իսպանացի ֆուտբոլիսը երկու մրցաշրջանում այդպես էլ չամրապնդվեց «արքայական» ակումբի մեկնարկային կազմում և վերադարձավ հարազատ ակումբ։

Չնայած այժմ Իլյարամենդիին հանգիստ չեն տալիս տարբեր վնասվածքները, նա բասկյան ակումբի լեգենդներից է և թիմի ավագը, որի կազմում անցկացրել է 237 հանդիպում։

Յագո Ասպաս

Յագո Ասպասը «Սելտայի» մարզադպրոցում հանդես է եկել դեռևս 9 տարեկանից և միանգամից դարձել է Վիգոն ներկայացնող ակումբի հերոսը, երբ նորամուտը նշեց մեծահասակների թիմում։

Ասպասը, 2012/13 մրցաշրջանում Լա լիգայի շրջանակում 12 գոլ խփելուց հետո աննկատ չմնաց «Լիվերպուլի» սկաուտների ուշադրությունից։

Սակայն, Ասպասը արդեն 2015 թ. վերադարձավ «Սելտա»` դառնալով ակումբի իսկական լեգենդը։

Նույնիսկ 35 տարեկանում Ասպասը չի դադարում փայլել` խփելով բազմաթիվ գոլեր։

Նա «Սելտայի» պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է (437!) և լավագույն ռմբարկուն (192 գոլ) ու ասիստենտը (66 գոլային փոխանցում)։

Ֆերնանդո Տորես

«Ատլետիկո Մադրիդն» արդեն գրեթե 120 տարվա պատմություն ունի, սակայն չի ունեցել այնպիսի սիրված ֆուտբոլիստ, ինչպիսին Ֆերնանդո Տորեսն էր։

«Էլ Նինիոն» (խմբ.` «մանուկ») «հնդկացիների» կազմում նորամուտը նշել է դեռևս 17 տարեկանում` 2001 մայիսի 27-ին «Լեգանդեսի» դեմ կայացած խաղում երբ ակումբը հանդես էր գալիս Սեգունդայում։

Տորեսն օգնեց «Ատլետիկոյին» վերադառնալ Լա լիգա և մի քանի տարի «հնդկացիների» հարվածային գլխավոր ուժն էր ու իսկական առաջատարը, ինչի արդյունքում 2007 թ. ամռանը 38 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»։

Գրեթե 8 տարի հանդես գալով տարբեր ակումբների կազմում` Տորեսը նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները և 2015 թ. հունվարին վերադարձավ «Ատլետիկո»։

2018 թ. նա հարազատ ակումբի կազմում նվաճեց միակ տիտղոսը` դառնալով Եվրոպա լիգայի հաղթող, ինչից հետո տեղափոխվեց ճապոնական «Սագան Թոսու», իսկ 2019 թ. օգոստոսին հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

Ֆերնանդո Տորեսն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 394 հանդիպում` դառնալով 128 գոլի հեղինակ։

Այժմ «Էլ Նինիոն» «հնդկացիների» Մ-19 թիմի գլխավոր մարզիչն է։

Խոակին Սանչես

Խոակինը «Բետիսի» լեգենդն է, ով առաջին քայլերն արել է հենց «վարունգների» կազմում։

2006 թ. նա հեռացավ ակումբից և 9 տարվա ընթացքում հանդես եկավ «Վալենսիայի», «Մալագայի» ու «Ֆիորենտինայի» կազմում, սակայն 2015 թ. վերադարձավ «Բետիս»։

Այժմ 41-ամյա Խոակինը Լա լիգայի գործող ամենատարեց ֆուտբլիստն է։ Նա «Բետիսի» կազմում անցկացրել է 464 հանդիպում և այդ ցուցանիշով լավագույնն է ակումբի պատմության մեջ։

Խեսուս Նավաս

Խեսուս Նավաս = «Սևիլիա»։

Նավասը «Սևիլիայի» մարզադպրոցում սկսել է հանդես գալ դեռևս 1998 թվականին, իսկ անդալուսական ակումբի կազմում նորամուտը նշել է 2003 թ. նոյեմբերի 23-ին «Էպսանյոլի» դեմ կայացած արտագնա խաղում։

Տարիների ընթացքում դառնալով «Սևիլիայի» իսկական առաջատրը` Նավասը 2013 թ. ամռանը 20 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», որի կազմում հանդես եկավ 4 տարի։

2017 թ. իսպանացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում վերադարձավ «Սևիլիա», որի կազմում անցկացրած 621 խաղով ակումբի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023