Ֆանտաստիկ գոլերի երեկո! Բարսան կրկին մոտենում է Ատլետիկոյին🎥

Ֆանտաստիկ գոլերի երեկո! Բարսան կրկին մոտենում է Ատլետիկոյին🎥

16/03/2021 - 01:52

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ուեսկայի» դեմ։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին տանտերերը, ովքեր 13-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ հեռահար գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին՝ դառնալով անզուգական գոլի հեղինակ։

Խփած գոլից հետո էլ «կապտանռնագույններն» ունեին առավելություն․ աչքի ընկնելու լավ պահեր ունեին Լեո Մեսսին և Ժորդի Ալբան, սակայն արգենտինացու հարվածը բարձր ստացվեց, իսկ Ալբայի հարվածից հետո գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին։

Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը կատալոնական ակումբը հաշիվը կրկնապատկեց։ 35-րդ րոպեին ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը՝ հաշիվը դարձնելով 2։0։

«Ուեսկան», որը ողջ խաղակեսի ընթացքում միայն պաշտպանվում էր, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 45+1-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեց։

Ըստ հանդիպման գլխավոր մրցավար Ադրիան Վեգայի՝ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կանոնների խախտում էր թույլ տվել «Ուեսկայի» հարձակվող Ռաֆա Միրի նկատմամբ, ինչից հետո մրցավարը ցույց տվեց նշակետը։

Հարվածը դիպուկ իրացրեց հենց տուժողը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 2։1 հաշվի պայմաններում։

53-րդ րոպեին Ռոնալդ Կումանի սաները վերականգնեցին երկու գնդակի առավելությունը։ Լեո Մեսսին խփած գնդակին ավելացրեց նաև գոլային փոխանցում, իսկ գոլի հեղինակ դարձավ Օսկար Մինգեսան՝ գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձնելով 3։1։

«Բարսելոնան» հասկանում էր, որ առջևում ավելի լուրջ և կարևոր հանդիպումներ ունի անցկացնելու, այդ պատճառով էլ խփած երրորդ գնդակից հետո, բառի ուղիղ իմաստով, «չորացրեց» խաղը և մոտեցրեց այն իր տրամաբանական ու հաղթական ավարտին՝ չփորձելով ավելորդ ուժ ծախսել։

Ամեն դեպքում, 90-րդ րոպեին «Բարսելոնան» ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, որը կրկին իր անվան դիմաց գրանցեց Լեո Մեսսին, ով այս խաղում դարձավ դուբլի հեղինակ։

Արգենտինացի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց արդեն իր 21-րդ գնդակը և լավագույն ռմբարկուների պայքարում վստահորեն գլխավորում է ցուցակը՝ մոտակա հետապնդող Լուիս Սուարեսից առաջ անցնելով երեք գնդակով։

Այսպիսով, «Բարսելոնան» 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ առաջնության հետնապահի նկատմամբ, վաստակեց 59 միավոր, շրջանցեց «Ռեալին» և վերադարձավ 2-րդ հորիզոնական։ «Արքայական» ակումբի անվան դիմաց կա 57 միավոր։

Կատալոնական ակումբն առաջնության առաջատար «Ատլետիկոյի» նկատմամբ կրճատեց միավորների տարբերությունը և այժմ մադրիդյան ակումբին զիջում է 4 միավոր։

«Ուեսկան» էլ մնաց 20 միավորով և շարունակում է եզրափակել մրցաշարյին աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023