Լապորտան խիստ զայրացած է Խավիի վրա և փոխարինող է փնտրում նրա համար

Լապորտան խիստ զայրացած է Խավիի վրա և փոխարինող է փնտրում նրա համար

17/05/2024 - 13:32

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի և գլխավոր մարզիչ Խավիի հարաբերությունները կտրուկ սրվել են։

Ամեն ինչ սկսվել է Խավիի վերջին հայտարարությունից հետո, երբ նա խոսել է «Բարսելոնայի» ֆինանսական վատ վիճակի մասին.

«Մենք փորձում ենք մրցունակ լինել։ Երկրպագուները պետք է հասկանան, որ ակումբի ներկայիս ֆինանսական վիճակը ոչ մի ընդհանուր բան չունի 25 տարի առաջ եղածի հետ։ Իրավիճակը բարդ և շփոթեցնող է։ Մենք չունենք այն ֆինանսական հնարավորությունները, ինչ «Ռեալը» և եվրոպական այլ ակումբներ։ Բայց սա չի նշանակում, որ չենք ուզում և չենք պայքարելու տիտղոսների համար»,- նշել է «բլաուգրանայի» մարզիչը, որի խոսքը մեջբերում է Marca-ն։

Diario Sport-ը գրում է, որ Լապորտան խիստ զայրացած է 44-ամյա մասնագետի այդ խոսքից և որոշել է նրան պաշտոնանկ անել։ Ակումբի նախագահը խիստ վրդովված է եղել և նույնիսկ ներկա չի եղել Լա լիգայի 36-րդ տուրի «Ալմերիայի» դեմ արտագնա հանդիպմանը (2:0

Կատարվածից հետո Լապորտան խորհրդակցել է տնօրենների խորհրդի անդամների հետ, որոնք նույնպես կողմ են Խավիի պաշտոնանկությանը` չնայած ապրիլին ակումբը հայտարարեց, որ վերջինս շարունակելու է զբաղեցնել պաշտոնը։

Ըստ AS-ի` Լապորտան և տնօրենների խորհրդի անդամները պնդում են, որ ակումբի նախագիծը կյանքի կոչելու համար «Բարսելոնային» անհրաժեշտ է այնպիսի մարզիչ, որը կունենա նոր գաղափարներ, թարմ մտքեր, ամբիցիաներ և լավատեսություն, որոնք Խավին չունի։

Նշվում է, որ ստեղծված իրավիճակում «կապտանռնագույնների» սպորտային տնօրեն Դեկուն արդեն փոխարինող է փնտրում Խավիի համար։ Մասնագետին փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկը «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն է։ Դեկուն արդեն մեկնել է Պորտուգալիա` նրա հետ հանդիպելու։

Մյուս թեկնածուներն են «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ու Ռաֆայել Մարկեսը, որն այժմ մարզում է «Բարսելոնա Բ»-ն։

Հաղորդվում է, որ Խավիին պաշտոնանկ անելու հարցում Լապորտայի որոշումը վերջնական է։ Ակումբը կբաժանվի մարզչից, նույնիսկ, եթե «Բարսելոնան» Լա լիգայի 2023/24 մրցաշրջանն ավարտի երկրորդ տեղում և նվաճի Իսպանիայի Սուպերգավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր, ինչը «բլաուգրանայի» համար կապահովի լրացուցիչ 8 մլն եվրոյի եկամուտ։

Հիշեցնենք, որ Խավին «Բարսելոնան» մարզում է 2021 թ. նոյեմբերից։ Ակումբը նրա գլխավորությամբ 2022/23 մրցաշրջանում դարձել է Լա լիգայի չեմպիոն և Իսպանիայի Սուպերգավաթակիր։ 2024 թ. հունվարին մասնագետը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է կատալոնական ակումբից, սակայան Լապորտայի ու Դեկուի հետ բանակցություններից հետո ապրիլին մտափոխվեց և որոշեց ևս մեկ մրցաշրջան մնալ «Բարսելոնայում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023