Լայպցիգը 11-մետրանոցներով հաղթեց Ֆրայբուրգին` առաջին անգամ դառնալով Գերմանիայի գավաթակիր🎥
Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Գերմանիայի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակուցմ միմյանց դեմ մրցեցին «Ֆրայբուրգն» ու «Լայպցիգը»։
Հանդիպումը, կարելի է ասել, անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 19-րդ րոպեին Մաքսիմիլան Էգեշտայնն առաջ մղեց «Ֆրայբուրգին»։
Արդեն 24-րդ րոպեին «ցլերը» կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Քրիստոֆեր Նկունկուի հարվածից հետո գնդակը հեռացրին դարպասային գծի վրայից։
Ամեն դեպքում կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 56-րդ րոպեին վերջին հույսի խախտման պատճառով դաշտից հեռացվեց «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Մարսել Հալշտենբերգը` իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով։
Այդուհանդերձ, նույնսիկ 10 ֆուտբոլիստներով Դոմենիկո Տեդեսկոյի թիմին հաջողվեց խփել պատասխան գնդակը. 76-րդ րոպեին աչքի ընկավ Քրիստոֆեր Նկունկուն։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ խաղը շարունակցեց լրացուցիչ ժամանակում։
Լրացուցիչ ժամանակում քանակական առավելություն ունեցող Քրիստիան Շտրայխի թիմն ավելի մոտ էր հաղթանակ կորզելուն, սակայն 104-րդ րոպեին Էրմեդին Դեմիրովիչի հարվածից հետո «Լայպցիգին» փրկեց դարպասաձողը։
115-րդ րոպեին դարպասաձողի ամրությունը ստուգեց արդեն «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Յանիկ Հեբերերը։
Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար 11-մետրանոցներ իրացրին։
«Վիճակախաղում» ավելի դիպուկ գտնվեցին «Լայպցիգի» ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 4:2 հաշվով։
Այսպիսով, «Լայպցիգը» ոչ միայն առաջին անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր, այլև ակումբի պատմության առաջին լուրջ տիտղոսը նվաճեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Գերմանիայի գավաթ, Դոմենիկո Տեդեսկո, Լայպցիգ, Մաքսիմիլիան Էգեշտայն, Քրիստիան Շտրայխ, Քրիստոֆեր Նկունկու, Ֆրայբուրգ