Լայպցիգի ֆանտաստիկ Comeback-ը․ Նագելսմանի թիմը բնավորություն ցույց տվեց🎥
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որտեղ «Լայպցիգը» մրցեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին մյունխենգլադբախցիները, ովքեր շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան։
Նախ՝ 6-րդ րոպեին Յոնաս Հոֆմանը, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, առաջ մղեց «Բորուսիային», ապա՝ 19-րդ րոպեին Մարկուս Թյուրամը հաշիվը դարձրեց արդեն 2։0։
Ընդհանուր առմամբ, առաջին կեսն անցավ «ցլերի» առավելությամբ, սակայն Մարկո Ռոզեի սաները կարողացան երկու իրական գոլային պահ ստեղծել, որոնք ավարտվեցին գոլով։
Կողմերն ընդմիջման գնացին «Բորուսիայի»՝ երկու գնդակի առավելությամբ։
Երկրորդ կեսում Յուլիան Նագելսմանի սաները կատարյալ ֆուտբոլ ցուցադրեցին՝ ընդհանրապես որևէ հնարավորություն չտալով մրցակցին։
Ողջ երկրորդ կեսի ընթացքում «Լայպցիգի» առավելությունն առավել քան ակնհայտ էր, ինչն արտացոլվեց նաև թվերով։ Տանտերերը միայն երկրորդ խաղակեսում 14 անգամ հարվածեցին Յան Զոմերի դարպասի ուղղությամբ, որոնցից 7-ը դիպուկ է եղել, անցկացրին 44 վտանգավոր գրոհ, իսկ գնդակին տիրում էին ժամանակի 61%-ը։ «Բորուսիան», ընդհակառակը, ձախողեց երկրորդ կեսը՝ գեթ մեկ անգամ չհարվածելով «Լայպցիգի» դարպասին։
Այդ ամենը չէր կարող չտալ իր արդյունքը․ Նագելսմանի սաները ֆանտաստիկ comeback իրականացրին, սակայն ամեն ինչ հերթով։
57-րդ րոպեին իր թիմի համար մեկ գնդակ հետ բերեց Քրիստոֆեր Նկունկուն, իսկ ևս 10 րոպե անց լուսատախտակին 2։2 հաշիվը վառեց Յուսուֆ Պոուլսենը։
«Լայպցիգը» հաշիվը հավասարեցնելուց հետո էլ ուներ լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում խփել հաղթական գնդակը, և երբ թվում էր, թե խաղն ավարտվելու է ոչ-ոքի, 90+3-րդ րոպեին Նկունկուն խփած գնդակին ավելացրեց նաև գոլային փոխանցում, իսկ Ալեքսանդր Սորլոտը հեղինակեց հաղթական գնդակը։
Այսպիսով, Յուլիան Նագելսմանի թիմը 3։2 հաշվով գերդրամատիկ հաղթանակ տարավ, վաստակեց 50 միավոր, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և շարունակում է հետապնդել առաջատար «Բավարիային», որին զիջում է ընդամենը 2 միավոր։
«Բորուսիան» էլ 33 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Սորլոտ, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Լայպցիգ, Մարկո Ռոզե, Մարկուս Թյուրամ, Յոնաս Հոֆման, Յուլիան Նագելսման, Յուսուֆ Պոուլսեն, Քրիստոֆեր Նկունկու