Թեժ կրքեր Միլանում․ Էրիկսենը հերոսանում է՝ «Միլանին» ուղարկելով տուն🎥
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։
Հանդիպման հենց մեկնարկից խաղն անչափ լարված ընթացք ստացավ։ Առաջին խաղակեսի ինչ-որ հատվածում «Միլանի» ֆուտբոլիստներն ավելի լավ տեսք ունեին, ինչի շնորհիվ էլ 31-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը բացեց հանդիպման հաշիվը։
Ինչպես հետագայում պարզվեց, Զլատանը դարձավ հանդիպման հակահերոսը, ոչ թե հերոսը, քանի որ շվեդ հարձակվողը 45+1-րդ րոպեին բախվեց «Ինտերի» առաջատար Ռոմելու Լուկակուի հետ, իսկ 58-րդ րոպեին էլ երկրորդ անգամ զգուշացվեց դեղին քարտով և հեռացվեց խաղադաշտից։ Առաջին դեղինը 39-ամյա ֆուտբոլիստը ստացել էր Լուկակուի հետ բախման ժամանակ։
Հատկանշական է, որ «Ներաձուրիները» բաց թողած գոլից հետո ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանը՝ ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր, սակայն բավական երկար ժամանակ չէր հաջողվում խփել պատասխան գնդակը։ Զլատանի կարմիր քարտից հետո «Ինտերի» գրոհները, ընդհանրապես, վերածվեցին «պաշարման», ինչի արդյունքում Անտոնիո Կոնտեի սաները 71-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացեց Ռոմելու Լուկակուն։
Երկրորդ խաղակեսում «ռոսոներիներն» արդեն մոռացել էին հարձակման մասին՝ անդադար պաշտպանվելով։ «Կարմրասևերը» ողջ խաղակեսի ընթացքում ընդհանրապես որևէ հարված չկատարեցին Սամիր Հանդանդանովիչի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
«Միլանի» պաշտպանողական խաղը չտվեց իր արդյունքը, քանի որ 90+8-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենը տուգանայինից կատարած հարվածով դարձավ անզուգական գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այսպիսով, «Ինտերը» գերդրամատիկ պայքարում հաղթեց 2։1 հաշվով և պայքարը կշարունակի Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում։
# Coppa Italia, Անտոնիո Կոնտե, Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Միլան, Ռոմելու-Լուկակու, Ստեֆանո Պիոլի, Քրիստիան-Էրիկսեն