Ինտերն անկասելի է` շարունակելով հաղթարշավը 🎥

Ինտերն անկասելի է` շարունակելով հաղթարշավը 🎥

14/03/2021 - 19:59

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում առաջնության առաջատար «Ինտերը» արտագնա խաղում ուժերը չափեց վտանգավոր գոտում գտնվող «Տորինոյի» դեմ։

Խաղը մեկնարկեց գրեթե հավասար պայքարով։ Առաջին խաղակեսում «Ինտերն» ուներ տարածքային զգալի առավելություն (65%), ավելի հաճախ էր գրոհում, սակայն ակնհայտ էր, որ հյուրերին պակասում էր դիպուկությունը։

Հատկանշական է, որ առաջին 45 րոպեների ընթացքում Անտոնիո Կոնտեի սաները ոչ մի դիպուկ հարված չկատարեցին «Տորինոյի» դարպասին։ Դրան հակառակ՝ տանտերերը 3 հարված կատարեցին, որից երկուսը դիպուկ էին։ Հանդիպման 30-րդ րոպեին թուրինյան ակումբի կիսապաշտպան Սաշա Լուկիչի՝ գլխով կատարած հարվածից հետո «Ինտերին» փրկեց դարպասաձողը։

Այնուամենայնիվ, մինչև ընդմիջում գոլեր չգրանցվեցին․ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում միլանյան ակումբի տղաները մեծացրին ճնշումը մրցակցի նկատմամբ և 62-րդ րոպեին ստիպեցին թուրինցիներին խախտել կանոնները սեփական տուգանային հրապարակում։

«Ինտերի» հարձակման առաջատար Ռոմելու Լուկակուն իր վրա վերցրեց 11-մետրանոց հարվածն իրացնելու պատասխանատվությունը և չսխալվեց, քանի որ նրա հարվածից հետո «Տորինոյի» դարպասապահ Սալվատորե Սիգիրուն անզոր էր փրկել «Տորինոյին», իսկ բելգիացին խփեց իր 19-րդ գնդակը։

Ա սերիայի ընթացիկ առաջնությունում լավագույն ռմբարկուների ցուցակում նրանից շատ գոլի հեղինակ է դարձել միայն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 20 գնդակ։

Կոնտեի տղաների ուրախությունը երկար չտևեց, քանի որ արդեն 70-րդ րոպեի դրությամբ հանդիպման հաշիվը հավասար էր՝ 1։1։ «Տորինոյի» հարձակվող Անտոնիո Սանաբրիան մրցակցի տուգանային հրապարակում հայտնվեց ճիշտ պահին ճիշտ տեղում և դիպուկ հարվածով գրավեց Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը։

Ընդունած գոլից հետո Կոնտեի տղաները սթափվեցին՝ փորձելով վերականգնել հաշվի մեջ առավելությունը և Թուրինից հեռանալ 3 միավորով, ինչը նրանց հաջողվեց միայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ, իսկ հաղթական գոլն իր անվան դիմաց գրանցեց միլանցիների մյուս հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ կրկին առաջ մղելով իր թիմին։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին, և «Ինտերը» հաղթեց «Տորինոյին» 2։1 հաշվով։

Այս հաղթանակից հետո «ներաձուրիները» վաստակեցին 65 միավոր և վստահաբար գլխավորում են Ա սերիայի մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Միլանին» այս պահին գերազանցելով 9 միավոր։

Հատկանշական է, որ «ներաձուրիները» Ա սերիայի շրջանակում տոնեցին արդեն 8-րդ անընդմեջ հաղթանակը։

«Տորինոն» մնաց 20 միավորով և գտնվում է 18-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023