Թրիլլեր Լա լիգայում. Բետիսը 90+5-րդ րոպեին գերկամային հաղթանակ կորզեց Էլչեի դեմ խաղում🎥

Թրիլլեր Լա լիգայում. Բետիսը 90+5-րդ րոպեին գերկամային հաղթանակ կորզեց Էլչեի դեմ խաղում🎥

25/02/2023 - 11:47

Մեկնարկել է իսպանական Լա լիգայի 23-րդ տուրը, որի առաջին խաղում «Բետիսը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Էլչեի» դեմ։

Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ անդալուսական ակումբի համար. տանտերերն արդեն 9-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով։

Նախ 7-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Ֆիդելն, ապա ընդամենը 2 րոպե անց «Էլչեի» առավելությունը կրկնապատկեց Լուկաս Բոյեն։

Նախքան ընդմիջում այլևս գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ կեսում Պաբլո Մաչինի թիմի համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, ինչից էլ օգտվեցին «Բետիսի» ֆուտբոլիստները։

Ամեն ինչ սկսվեց 57-րդ րոպեից, երբ «բլանկիվերդեսի» պաշտպան Լիսանդրո Մագալիանը վերջին հույսի խախտում թույլ տվեց, ինչից հետո գլխավոր մրցավար Խավիեր Իգլեսիաս Վիլիանուևան, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, կարմիր քարտով պատժեց արգենտինացի ֆուտբոլիստին և հեռացրեց դաշտից։

Ստանալով քանակական առավելություն` Մանուել Պելեգրինիի թիմը նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու։

Հյուրերը կարողացան շատ արագ ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել հաշիվը։

65-րդ րոպեին «Էլչեի» պաշտպան Տետե Մորենտեն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Այոզե Պերեսի նկատմամբ, ինչը պատժվեց նշանակված 11-մետրանոցով, որը դիպուկ իրացրեց Բորխա Իգլեսիասը։

Շատ չանցած` 68-րդ րոպեին, Խուան Միրանդայի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը, չդիպչելով ոչ ոքի, հայտնվեց Էդգար Բադիայի պաշտպանած դարպասում, ինչից հետո լուսատախտակին վառվեց 2:2 հաշիվը։

Խփած երկրորդ գոլից հետո էլ «վերդիբլանկոսը» շարունակում էր մեծ ճնշում գործադրել, ինչի արդյունքում 88-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց վաստակեց։

Նշակետին կրկին մոտեցավ Իգլեսիասը, սակայն այս անգամ նրա հարվածից հետո փայլեց Բադիան` հետ մղելով գնդակը։

Թվում էր` «Բետիսին» վիճակված չէ հաղթանակ տոնել, սակայն 90+5-րդ րոպեին գլխավոր մրցավար Խավիեր Իգլեսիաս Վիլիանուևան «Էլչեի» դարպասին երրորդ 11-մետրանոցը նշանակեց. տանտերերի պաշտպան էնցո Ռոկոն ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում, ով նույնպես հեռացվե դաշտից` ստանալով երկրորդ դեղին քարտը։

Գնդակին այս անգամ մոտեցավ Վիլիան Ժոզեն, ով դարձավ գոլի հեղինակ` ապահովելով «Բետիսի» գերկամային հաղթանակը։

Այսպիսով, Մանուել Պելեգրինիի թիմը 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց, ինչից հետո վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

«Էլչեն» իր ակտիվում ունի 9 միավոր և եզրափակուկ է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023