ԵԼ. Պորտուն ու Ատալանտան կամային հաղթանակներ տոնեցին🎥
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Օլիմպիակոսի» դեմ։
Հանդիպման առաջին կեսը բավական անհաջող ընթացք ունեցավ տանտերերի համար, ովքեր ընդմիջան գնացին «Օլիմպիակոսի» նվազագույն առավելության պայմաններում. հունական ակումբին 16-րդ րոպեին առաջ էր մղել Տիկինիո Սոարեսը։
Այդուհանդերձ, երկրորդ կեսում Ջանպիերո Գասպերինիի թիմը բավական արագ կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։
Հանդիպման հերոս դարձավ «Ատալանտայի» պաշտպան Բերաթ Ջիմսիթին, ով ընդամենը 2 րոպեի ընթացքում դարձավ դուբլի հեղինակ` գոլերը գրանցելով 61-րդ ու 63-րդ րոպեների ընթացքում։
Այսպիսով, բերգամասկները 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին Պիրեյից ժամանած հյուրերի նկատմամբ։
«Ատալանտա» – «Օլիմպիակոս» հանդիպմանը զուգահեռաբար «Պորտուն» «Դրագաու» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։
Երկու ակումբները հանդիպումը մեկնարկեցին ակտիվ, սակայն խաղի հաշիվը բացեցին «արծիվները». 23-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո կրնկով կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Մատիա Ձականին։
«Վիշապների» պատասխանը չուշացավ. 37-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Տոնի Մարտինեսը։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 49-րդ րոպեին Մարտինեսը ևս մեկ գնդակ ուղարկեց հռոմեական ակումբի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ, ինչից հետո հաշվի մեջ առաջ անցավ արդեն «Պորտուն»։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Սերժիո Կոնսեյսաուի թիմն ավելի լավ տեսք ուներ և կարող էր մեծացնել առավելությունը, սակայն այս խաղում այլևս գոլեր չտեսանք։
Այսպիսով, «Պորտուն» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Լացիոյի» նկատմամբ։
Հավելենք, որ վերոնշյալ երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 24-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Բերաթ Ջիմսիթի, Եվրոպա-լիգա, Լացիո, Մաուրիցիո Սարի, Մատիա Ձականի, Պորտու, Ջանպիերո Գասպերինի, Սերժիո Կոնսեյսաու, Տիկինիո Սոարես, Տոնի Մարտինես, Օլիմպիակոս