Ալաբան մերժել է ՊՍԺ-ին և Չելսիին․ նա նախընտրում է խաղալ Իսպանիայում
Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ի լրագրող Մաքս Բիլեֆելդը, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի ՊՍԺ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավստրիացին մերժել է ֆրանսիական ակումբի խոշոր առաջարկը։ Հայտնի է, որ ավելի վաղ նա մերժել էր նաև «Չելսիին», որը նույնպես հետաքրքրություն էր ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ։
28-ամյա ֆուտբոլիստը կարիերայի շարունակությունը տեսնում է Իսպանիայում։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ալաբայի ծառայություններով առավելապես հետաքրքրված են իսպանական երկու գրանդները՝ «Ռեալն» ու «Բարսելոնան»։
Ավելի վաղ ավստրիացի ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին հաստատել էր, որ իր հաճախորդը բանավոր համաձայնություն է տվել «Ռեալին», սակայն կողմերի միջև որևէ փաստաթուղթ դեռևս ստորագրված չէ։
Հատկանշական է, որ այդ բանավոր համաձայնության լուրը հաստատել է նաև իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ով հայտնում է, որ Ալաբան «Ռեալի» հետ 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով։
Հիշեցնենք, որ Ալաբայի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որից հետո նա կարող է տեղափոխվել ցանկացած այլ ակումբ անվճար։
Ալաբան արդեն պաշտոնապես հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բավարիայի» շարքերը։
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով ավստրիացի պաշտպանը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Բունդեսլիգա, Դավիդ Ալաբա, Չելսի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ