ՊՍԺ-ն պատրաստ է Ալաբային խաղացնել նրա ուզած դիրքում, Ռեալը՝ ոչ
«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան , ով վերջերս հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մյունխենյան ակումբի շարքերը, առայժմ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի շուրջ։
Ինչպես տեղեկացնում է tz.de-ն, ՊՍԺ-ն արդեն հստակ առաջարկով դիմել է ավստրիացուն։ Հաղորվում է նաև, որ Ալաբան հանդիպել է ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիի հետ, ով վաղուց է ցանկանում ֆուտբոլիստին տեսնել «Փարիզի» կազմում։
Պարբերականի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն պատրաստ է բավարարել Ալաբայի ցանկությունը և թույլ տալ նրան հանդես գալ կիսապաշտպանության կենտրոնում։ «Ռեալը», որը նույնպես ցանկանում է Ալաբային տեսնել իր շարքերում, նման քայլի գնալ պատրաստ չէ, քանի որ այդ դիրքում «սերուցքայիններ» կազմում հանդես են գալիս Կազեմիրոն և Տոնի Կրոսը։
Այնուամենայնիվ, ավստրիացի ֆուտբոլիստը դեռևս չի շտապում վերջնական որոշում կայացնել իր հաջորդ ակումբի հարցում։
Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբան նոմինալ ձախ պաշտպան է և իր կարիերայի հանդիպումների մեծ մասն անցկացրել է հենց այդ դիրքում (243 խաղ), սակայն պաշտպանությունում առկա խնդիրների պատճառով արդեն երկրորդ մրցաշրջանն է «Բավարիայի» կազմում հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում՝ անցկացնելով 110 խաղ։
Դավիդ Ալաբան դաշտի կենտրոնում հանդես գալու փորձ ունի Ավստրիայի հավաքականում։ 28-ամյա ֆուտբոլիստն իր հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 76 հանդիպման, որոնցից 45-ը՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Դավիդ Ալաբան մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դավիդ Ալաբա, Կազեմիրո, Նասեր Ալ-Հելայֆի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Տոնի-Կրոս, տրանսֆերներ