Անգլիական գրանդը մտադիր է Ալաբային փախցնել Ռեալի ձեռքից
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «Չելսին» ցանկանում է ամրապնդել պաշտպանությունը, իսկ դրա հիմնական թեկնածուն հենց ավստրիացի պաշտպանն է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը մտադիր է Ալաբային փախցնել «Ռեալի» ձեռքից։
Բանն այն է, որ ներկա պահին հենց մադրիդյան ակումբն է խաղացողի ձեռքբերման հարցում ֆավորիտ, սակայն «ազնվականները» նույնպես պատրաստ են բանակցել 28-ամյա ֆուտբոլիստի և նրա ներկայացուցիչների հետ։
Հաղորդվում է, որ Դավիդ Ալաբային «Չելսիի» կազմում ցանկանում է տեսնել անձամբ Թոմաս Տուխելը, ով վերջերս է գլխավորել լոնդոնյան ակումբը։
Մոտ մեկ ամիս առաջ նույն The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն տարածեց, որ «Ռեալը», առաջ անցնելով մյուս բոլոր ակումբներից, պայմանագիր է համաձայնեցրել Դավիդ Ալաբայի հետ, սակայն հետագայում Bild-ն էլ գրեց, որ ավստրիացի պաշտպանը առաջարկներ է սպասում նաև անգլիական ակումբներից, իսկ «արքայական» ակումբի հետ բանակցությունները վճռորոշ փուլ այդպես էլ չեն մտել։ Bild-ը նույնպես հաստատել է, էր Ալաբայի ծառայություններով հենց «Չելսին» է հետաքրքրված։
Bild-ի լրագրողներից Քրիստիան Ֆալկն էլ վերջերս Twitter-ի իր միկրոբլոգում գրառում կատարեց, որի համաձայն, նշվում էր, որ եթե «Չելսին» չկարողանա համաձայնության հասնել Դավիդ Ալաբայի հետ, ապա փոխարենը կփորձի ձեռք բերել «Բավարիայի» մեկ այլ պաշտպան՝ Նիկոլաս Զյուլեին կամ Ժերոմ Բոատենգին, ինչպես նաև Դայո Ուպամեկանոյին («Լայպցիգ»)։
Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբան «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2010 թվականից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 412 հանիդպում՝ դառնալով 33 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։
Վերջում հավելենք նաև, որ Դավիդ Ալաբայի ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, և ֆուտբոլիստն ամռանը դառնալու է ազատ գործակալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դայո Ուպամեկանո, Դավիդ Ալաբա, Թոմաս ՏՈւխել, Ժերոմ Բոատենգ, Լայպցիգ, Նիկոլաս Զյուլե, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո