Գազան խաղ Լիվերպուլում․ Էվերտոնն ու Տոտենհեմը գերգոլառատ թրիլլեր էին  պատրաստել 🎥

Գազան խաղ Լիվերպուլում․ Էվերտոնն ու Տոտենհեմը գերգոլառատ թրիլլեր էին պատրաստել 🎥

11/02/2021 - 02:50

Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի 1/8 եզրափակչի շրջանակում «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Էվերտոնն» ու «Տոտենհեմը»։

Ողջ առաջին խաղակեսն անցավ թրիլերային սցենարով, քանի որ մինչև ընդմիջման գնալն արդեն 5 գոլ արձանագրվեց։ Թիմերը բաց, հարձակվողական ֆուտբոլ էին ցուցադրում և դրանից գլխավորապես շահում էր ֆուտբոլասերը։

Եվ այսպես, հադիպման արդեն 3-րդ րոպեին հյուրերը կոլումբիացի պաշտպան Դավինսոն Սանչեսի գոլի շնորհիվ կարողացան հաշվի մեջ առաջ անցնել։

Բավական երկար ժամանակ Ժոզե Մոուրինիոյի սաներն առջևում էին հաշվի մեջ, սակայն «իրիսները» 7 րեպեի ընթացքում կարողացան հրաշք գործել և մեկը մյուսի հետևից 3 գնդակ ուղարկել Ոգո Լյորիսի պաշտպանած դարպասը։

Հանդիպման 36-րդ, 38-րդ և 43-րդ րոպեներին տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, Ռիչարլիսոնը և Գիլֆի Սիգուրդսոնը։ Ի դեպ վերջինս իր գոլը խփեց՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Երբ թվում էր, թե առաջին խաղակեսի ավարտին գրեթե ժամանակ չի մնացել գրոհ կազմակերպելու համար, և կողմերն ընդմիջման կգնան 3։1 հաշվի պայմաններում, «շնաձկների» վինգեր Էրիկ Լամելան 45+3-րդ րոպեին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ հասցնելով այն նվազագույնի։ Թիմերն ընդմիջման գնացին 3։2 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսն ավելի զուսպ մեկնարկեցին կողմերը, սակայն գոլերի պակաս այստեղ էլ չզգացվեց։ Հանդիպման 57-րդ րոպեին Սանչեսը կրկին աչքի ընկավ գոլով՝ հավասարեցնելով խաղի հաշիվը (3:3) և դուբլ գրանցելով իր ակտիվում։

Կառլո Անչելոտիի սաները ոչ մի կերպ չէին համձայնվում ոչ-ոքի արդյունքի հետ և 68-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլն իր անվան դիմաց կրկին գրանցեց Ռիչարլիսոնը, ով Դավինսոն Սանչեսի նման, այս խաղում իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Եվ այդ ամենը դեռևս վերջը չէր։ Բաց թողած գոլից հետո «շնաձկները» նետվեցին առաջ, որպեսզի փրկեն հանդիպումը, ինչն էլ տվեց իր պտուղները, քանի որ 83-րդ րոպեին Հին Մին Սոնի իրացրած անկյունայինից հետո Հարի Քեյնը գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 4։4։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 4։4 հաշվով՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակն ակտիվ մեկնարկեցին «Տոտենհեմի» ֆուտբոլիստները․ 95-րդ րոպեին աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Հարի Քեյնը, սակայն նրա հարվածից հետո «իրիսների» դարպասապահ Ռոբին Օլսենը փրկեց իր թիմին։

Լոնդոնյան ակումբի այդ գրոհից հետո «Էվերտոնը» նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում հերթական անգամ հաշվի մեջ առաջ անցավ․ Գիլֆի Սիգուրդսոնի ֆանտաստիկ փոխանցումից հետո Բերնարդը հայտնվեց հարվածային դիրքում և դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 5։4։

Լրացուցիչ ժամանակի մնացած հատվածում երկու թիմերն էլ աչքի ընկնելու պահեր ունեին, սակայն ֆուտբոլիստների մոտ արդեն նկատվում էր հոգնածություն, ինչի հետևանքով խաղի հաշվում այլևս փոփոխություններ չեղան, իսկ «շնաձկները» չկարողացան խուսափել պարտությունից։

Այսպիսով, «Էվերտոնը» թրիլլերային սցենարով ընթացած խաղում հաղթեց 5։4 հաշվով և Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակում պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում՝ միանալով «Մանչեսթեր Յունայթեդին», «Մանչեսթեր Սիթիին», «Բորնմութին», «Լեսթերին» և «Շեֆիլդ Յունայթեդին», որոնք նույնպես նվաճել են հաջորդ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023