Գերֆանտաստիկ վերջաբան Միլանում?

Գերֆանտաստիկ վերջաբան Միլանում?

25/06/2020 - 00:45

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում չեմպիոնության հիմնական հավակնորդներից «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց առաջնության միջնամասում ընթացող «Սասուոլոյի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց բավականին անսպասելի։ 4-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Ֆիլիպ Ջուրիչիչը օգտվեց «Ինտերի» պաշտպանության ձախողումից և հարվածային դիրք դուրս բերեց Ֆրանչեսկո Կապուտոյին, ով մոտ տարածությունից բացեց խաղի հաշիվը։

Նախքան ընդմիջման գնալը միլանյան ակումբը հաշվի մեջ առաջ անցավ։ Հանդիպման 40-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում Ժերեմի Բոգան կանոնների խախտում թույլ տվեց Միլան Շկրինյարի նկատմամբ։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ռոմելու Լուկակուն։

45+1-րդ րոպեին «ներաձուրիները» ձախ եզրում բազմաքայլ գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Ալեքսիս Սանչեսը Քրիստիանո Բիրագիին հարվածային դիրք դուրս բերեց, իսկ իտալացի լատերալը շեշտակի հարվածով առաջ մղեց իր թիմին։

Երկրորդ խաղակեսի ողջ ընթացքում «Ինտերը» մի քանի հիանալի գոլային պահեր ուներ։ Ռոբերտո Գալյարդինին երկու անգամ կարող էր կրկնապատկել իր թիմի առավելությունը, սակայն մի դրվագում հյուրերին փրկեց Անդրեա Կոնսիլին, իսկ 63-րդ րոպեին 26-ամյա կիսապաշտպանը 1,5 մետր հեռավորությունից դատարկ դարպասի առջև հարվածեց հորիզոնական դարպասաձողին։ Դրվագ, որտեղից ավելի հեշտ է դառնալ գոլի հեղինակ, քան վրիպել։

Հանդիպման 80-րդ րոպեին «Ինտերի» պաշտպան Էշլի Յանգը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Մերթ Մյուլդյուրի նկատմամբ։ Հանդիպման գլխավոր մրցավար Դավիդե Մասան կրկին նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Դոմենիկո Բերարդին։

«Ինտերը» անմիջապես նետվեց առաջ՝ փորձելով հաղթանակ կորզել։ 84-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի կատարած հարվածից հետո Կոնսիլին փրկեց իր թիմին, իսկ վրա հասած Լուկակուն գրավեց դարպասը, սակայն բելգիացի հարձակվողը գտնվում էր խաղից դուրս վիճակում։

Այդ գրոհից վայրկյաններ անց՝ 86-րդ րոպեին, տանտերերը հարձակման ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Անտոնիո Կանդրևան, ում կատարած հրաշալի փոխանցումից հետո Բորխա Վալերոն գրավեց դատարկ դարպասը։

Թվում էր՝ «Ինտերը» արդեն հաղթանակ կկորզի, սակայն արդեն «Սասուոլոն» կտրուկ ակտիվացավ։ Նախ 87-րդ րոպեին Մյուլդյուրը աջ եզրից ներխուժեց «Ինտերի» տուգանային հրապարակ, սակայն թուրք ֆուտբոլիստի կատարած հարվածից հետո Սամիր Հանդանովիչը փրկեց իր թիմին։ Այդ դրվագում հյուրերը վաստակեցին անկյունային հարվածի իրավունք, որի իարցումից հետո Ջանջակոմո Մանյանին հաշիվը դարձրեց 3։3՝ փրկելով իր թիմին պարտությունից։

Միլանյան ակումբը չեմպիոնության համար պայքարում անչափ կարևոր միավորներ կորցրեց։ «Ինտերը» վճարեց չիարացրած պահերի համար, իսկ «Սասուոլոն» փաստացի ունեցավ 3 գոլային պահ և դարձավ նույնքան գոլի հեղինակ։

«Ինտերը» վաստակեց 58 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ առաջնության առաջատար «Յուվենտուսին» զիջելով 8 միավոր։ «Սասուոլոն» 33 միավորով 12-րդն է։

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023